05.11.2018 12:04

ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար է «փնտրում»

ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար է «փնտրում»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի իշխանությունների պահանջով Յուրի Խաչատուրովի ետկանչից հետո նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարող է որոշվել նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում:

« Коммерсант»- ի դիվանագիտական աղբյուրների կարծիքով՝ այդ ղեկավար պաշտոնում իր դիրքերը պահպանելու՝ Հայաստանի շանսերը փոքր են:

Յուրի Խաչատուրովը երեքամյա ժամկետից ընդամենը մեկուկես տարի է զբաղեցրել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը: Սեպտեմբերին Մոսկվա կատարած այցից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Խաչատուրովի ետկանչից հետո Հայաստանը հույս ունի, որ այդ պաշտոնը կշարունակի զբաղեցնել իր երկիրը ներկայացնող մեկ ուրիշը:

Բանն այն է, որ ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն՝ գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարի ժամկետով, և Խաչատուրովը ամբողջական մանդատով չի աշխատել: «Նշանակություն չունի, թե գլխավոր քարտուղարի ազգանունն ինչ է: Դա, ինչպես և նախապես որոշված էր, ամբողջ ժամկետի ընթացքում պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը»,- սեպտեմբերի 10-ին «Коммерсант»-ին ասել էր Փաշինյանը:

Մինչդեռ թերթի կողմից հարցված երեք երկրների դիվանագետները պնդել են, որ շատ քիչ հավանական է, որ հաջորդ գլխավոր քարտուղարը լինի Հայաստանի ներկայացուցիչը:

Թերթի զրուցակիցները, սակայն, հրաժարվել են նշել, թե որ երկրի ներկայացուցիչը կարող է գլխավորել կազմակերպության քարտուղարությունը: Եթե պահպանվի ռոտացիոն սկզբունքը, ապա գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձնի Բելառուսի ներկայացուցիչը, որովհետև այբուբենով նա հաջորդն է Հայաստանից (Армения) հետո:

 Փոխանցում է kommersant. ru-ն: