05.11.2018 12:48

Սերգո Տոնոյան. «Համաշխարհային» ազգի առաջնորդը

Սերգո Տոնոյան. «Համաշխարհային» ազգի առաջնորդը

Բրիտանական թագավորական ընտանիքի հետ ջերմ եւ մտերմիկ հարաբերություններ ունեցող Արմեն Սարգսյանը սովոր է արարողակարգային կյանքին։ Այսպես, օրինակ՝ նոր Հայաստանում, իր պաշտոնավարման մոտ կես տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը կազմակերպել է շուրջ 110 ընդունելություն: Դրանց թվում են՝ Հայաստան ժամանած պետությունների ղեկավարներ (Իտալիա, Գերմանիա, Վրաստան), օտարերկրյա բարձրաստիճան քաղաքական, գործարար պատվիրակություններ[i] Հայաստանում հավատարմագրված դեսպաններ[ii], կրթության եւ գիտության, արվեստի եւ մշակույթի, եւ այլ ոլորտների հայաստանցի, սփյուռքահայ եւ օտարերկրացի անհատներ եւ պատվիրակություններ[iii]:

Բնականաբար, Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահի, ԱԺ խմբակցությունների ղեկավարների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի են ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողություններ, ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նախագահական կայքի լրատվական հաղորդագրությունների բաժնում մանրամասն ներկայացված են Արմեն Սարգսյանի արարողակարգային դժվար կյանքի մյուս դրվագները եւս։ Թվով 50 շնորհավորական եւ 21 ցավակցական ուղերձների, գործընկեր պետությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցների արանքում՝ Արմեն Սարգսյանը կատարել է մոտ 60 ներհանրապետական այցելություններ: Հայտնի հերոս Համազասպի պես՝ Էջմիածնում եղել է 3 անգամ, Ծիծեռնակաբերդում եւ Եռաբլուրում՝ 2, Հանրապետության հրապարակ մեկ անգամ այցելել է հեղափոխության օրերին, հաջորդիվ՝ համերգների եւ տոնակատարությունների: Մնացած այցելություններին, տարատեսակ միջոցառումների մասնակցություններին ծանոթանալու համար կրկին ընթերցողի ուշադրությունն ենք հրավիրում տողատակում նշած  նկարագրություններին[iv]:

Եւ իհարկե, արտերկրյա այցելություններ՝ Վրաստան, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, ՄԹ եւ Շվեյցարիայի համադաշնություն:

Բոլորին ժպտում է Արմեն Սարգսյանը, հարկ եղած դեպքում՝ պաղպաղակ ուտում, հանգիստ եւ բարեկիրթ զրուցում, հատկապես միջազգային ֆորումներում՝ խոսում անգլերեն։ Այսպիսին է Արմեն Սարգսյանի եւ նրա 190 հոգանոց աշխատակազմի առօրյան։

Արդյո՞ք արդարացված է նախագահի այսպիսի ճոխ աշխատակազմը՝ հարցի մի կողմն է, գուցե՝ ՄԱԿ անդամ յուրաքանչյուր երկրին շնորհավորական կամ ցավակցական ուղերձ գրելու համար մեկ աշխատակից է պետք: Վերոգրյալը, սակայն, նպատակ է հետապնդում հասկանալ, ի վերջո՝ ո՞րն է Սարգսյանի բուն առաքելությունը, հատկապես՝ հաշվի առնելով, որ ներհայաստանյան, ներքաղաքական ներկայիս այս բարդ շրջափուլի առանցքային, նշանակալից իրադարձություններում էլ նրա դերն արարողակարգայինից այս կողմ չի անցնում: Ինքն իրեն լիովին նույնացնելով անգլիական թագուհու հետ՝ Արմեն Սարգսյանը երեւակայում է, որ իշխանությունն իրեն տրված է ի վերուստ: Եւ, ուշադրություն՝ բոլոր-բոլորին ներկայանում է որպես համաշխարհային ազգի առաջնորդ:

Կհայտնվեն, իհարկե, այնպիսի գիտուններ, որ Արմեն Սարգսյանի գործունեության վերը շարադրած փաստերը կփորձեն ներկայացնել որպես ազգին մատուցած անգնահատելի ծառայություն: Չէ՞ որ գործարարների, գիտնականների, նկարիչների եւ բարձրաշխարհիկ այլ դեմքերի հետ հանդիպումները Արմեն Սարգսյանը ծառայեցնում է բացառապես ազգի լուսավոր ապագան կերտելու գործին:

Սակայն, ինչպես նկատեցիք՝ տողատակերում բծախնդրորեն մեջբերած այցելությունների եւ հանդիպումների ծավալուն շարքում մի տող անգամ չկա Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի փոքրիկ հանրապետության որեւէ մարզ, որեւէ գյուղ այցելելու մասին: Ազգի, այն էլ՝ համաշխարհային ազգի մեր լուսապայծառ առաջնորդը կես տարվա ընթացքում հարկ չի համարել հանդիպել հայ գյուղացու հետ, տեսնել վերջինիս առօրյան, մտքեր փոխանակել՝ համաշխարհային ազգի մասին իր տեսության շրջանակում, եւ վերջապես՝ սուզվելով հայ մշակի տառապանք տեսած աչքերի խորքը՝ պարզապես ասել՝ «Բարեւ, այդ ես եմ՝ ազգի առաջնորդը»:



[i] Հյուրընկալվածների թվում են՝

Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուր,  Syntszyan company Chen and Agrotechnology Co.LTD ընկերության ղեկավար Լի Սիենմին, սենատոր Օլիվիե Կադիք, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարներ, Ասիական Զարգացման Բանկի տարածաշրջանային տնօրեն, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ, Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդեր, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ, Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավար, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն, ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինք, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար, Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժ, Միացյալ Թագավորության վարչապետի՝ Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներ, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Տակեիկո Նակաո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւ, Իրանի էներգետիկայի նախարար, «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովի մի խումբ մասնակիցներ, «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության ներկայացուցիչներ, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար, հայտնի շվեդ տնտեսագետ Կյել Նորդստրյոմ, Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազ, Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, «Սկոլկովո» հիմնադրամի խորհրդի համանախագահ, շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչ,

 

[ii] Ընդունելության են արժանացել՝  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին, Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, մի շարք եվրոպական, արաբական, ԱՊՀ երկրների դեսպաններ, Արգենտինայի, Սիրիայի, Քուվեյթի, Ֆրանսիայի, Իտալիայի, ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանները, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիտվայի, Ճապոնիայի, Կանադայի եւ ԱՄՆ դեսպանների հետ:

Իրենց հավատարմագրերն են հանձնել Հայաստանում Ճապոնիայի, ՌԴ, Շվեյցարիայի, Կոնգոյի նորանշանակ դեսպանները, Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակը, Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը:

 

[iii] Նախագահականում, մասնավորապես, հյուրընկալվել են՝ ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարները, սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչները, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, Երևանի թիվ 7 նախակրթարանի մի խումբ սաները, աշխարհահռչակ բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնը, Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի սաները և ուսուցիչները, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաները, Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը,  Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները, Սերժ Թանկյանը եւ Կարին Հովհաննիսյանը, Արսինե Խանջյանը, շվեդ ճանաչված կինովավերագրողներ Պեո Հոլմքվիստը եւ Սյուզան Խարդալյանը, Միխայիլ Շվիդկոն, Սայմոն Մըքդոնալդը, ակադեմիկոս Յուրի Օգանեսյանը, Պետրոս Թերզյանը, ՀԲԸՄ ծրագրերի մասնակից ուսանողները, ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամները, Առաջնորդության դպրոցի շրջանավարտները, մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչատուրյանը եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, Թեքեյան կենտրոնի եւ ՌԱԿ ներկայացուցիչները, Ատոմ Էգոյանը եւ Արսինեը Խանջյանը, Սամցխե-Ջավախքի Նորշեն գյուղի դպրոցականները, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի շրջանավարտները, Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողները, «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությունը, Ջին Բլոքը եւ Էրիկ Էսրաիլյանը, ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը, Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչները:

[iv] Մասնակցել է՝

 «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, Սարդարապատում Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որպես պատվո հյուր՝ Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը, «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» միջոցառմանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին ՍԴ-ում, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին, «Սեւան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը, Անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը, «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացմանը:

Այցելել է՝

«Եվրոպայի օրվա» կապակցությամբ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակություն,  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն,  «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն, «Օրրան» բարեգործական կազմակերպություն, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանոց, Բյուրականի աստղադիտարան, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց, Հովհաննես Զարդարյանի արվեստանոց,  Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն,  Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես,  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր եւ «Դասարան» կրթական կենտրոն, «ՊիքսԱրտ» ընկերություն,  Հայաստանի ազգային արխիվ, Չինաստանի դեսպանություն,«Հայաստան» համահայկական հիմնադրամ, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ՄԹ, ՌԴ դեսպանատներ:

Ներկա է գտնվել՝

 Արամ Խաչատրյանի14-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը, Արամ Մանուկյանի հուշարձանի բացման արարողությանը, Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանը, Իտալիայի նախագահի հետ Հայաստանի ազգային պատկերասրահում Մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը, «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսային ֆորումի բացմանը, Երեւանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանըՀայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողությանը, Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը