Ստամբուլ ժամանած քիմիկոսն ու թունաբանը մաքրել են Հաշոգիի սպանության հետքերը

Ստամբուլում սաուդյան գլխավոր հյուպատոսարանում լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունից մի քանի օր անց Սաուդյան Արաբիան Թուրքիա է ուղարկել մասնագետների, որոնք պետք է մաքրեին հանցագործության հետքերը, հայտարարել է թուրքական իշխանությունների ներկայացուցիչը:
Մասնագետները ժամանել են 11 հոգանոց խմբի կազմում, որոնք պետք է թուրքական կողմին օգնեին պարզել, թե ինչ է կատարվել Հաշոգիի հետ:
Թուրքիայի իշխանությունների նկատմամբ չեզոք տրամադրված Sabah թերթի տվյալներով՝ խմբի կազմում Էր-Ռիադից Ստամբուլ են ժամանել քիմիկոս և թունաբան: Թերթը նշում է նաև նրանց անունները՝ Ահմեդ Աբդուլազիզ ալ-Ջոնաբի և Հալեդ Յահիա ալ- Զահրանի:
Թուրքական կողմը պնդում է, որ նրանց առջև խնդիր էր դրված մաքրել հանցագործության հետքերը, քանի դեռ թուրք քննիչները չեն մտել սաուդյան հյուպատոսարանի շենք և հյուպատոսի նստավայր: Պարբերականի տվյալներով, այսպես կոչված՝ «մաքրողները» հյուպատոսարանի շենք են այցելել հոկտեմբերի 12-ից 17-ը՝ ամեն օր, և երեք օր հետո էլ հեռացել են երկրից:
Թուրքիայի գլխավոր դատախազ Իրֆան Ֆիդանը, որ ղեկավարում է լրագրողի սպանության հետաքննությունը, անցյալ շաբաթ հայտարարել է, որ Հաշոգին խեղդել են շենք մտնելուց անմիջապես հետո: Այնուհետև նրա մարմինը մասնատել են և ազատվել մասունքներից, որոնք մինչ օրս չեն հայտնաբերվել:
Անցյալ կիրակի Հաշոգիի որդիները CNN-ին տված հարցազրույցում դիմել են իրենց հոր մահվանն առնչություն ունեցողներին ու խնդրել են հանձնել նրա մարմինը, որպեսզի այն կարողանան հողին հանձնել ընտանեկան գերեզմանոցում: Սակայն Թուրքիայի նախագահի խորհրդական Յասքին Աքտայը վերջերս հայտարարել էր, որ իր կարծիքով՝ լրագրողի մարմինը քայքայել են ծծմբաթթվի մեջ:
Փոխանցում է BBC-ն: