06.11.2018 13:05

Անհաջող մահափորձից առաջ Բոդլերի գրած նամակն աճուրդով վաճառվել է 234 հազար եվրոյով

Անհաջող մահափորձից առաջ Բոդլերի գրած նամակն աճուրդով վաճառվել է 234 հազար եվրոյով

Ֆրանսիացի բանաստեղծ Շառլ Բոդլերի նամակը, որում նա հաղորդում էր ինքնասպան լինելու ցանկության մասին, աճուրդում վաճառվել է 234 հազար եվրոյով՝ եռակի թանկ սպասվածից:

Նամակը թվագրված է 1845 թ. հունիսի 30-ով: Բանաստեղծն իր սիրեցյալին՝ Ժաննա Դյուվալին նամակով  տեղեկացնում է, թե այն պահին, երբ նա կարդա նամակը, ինքն արդեն մեռած կլինի: Որպես ինքնասպանություն գործելու որոշման պատճառ՝ Բոդլերը նշում է ձանձրույթը:

Այդ օրը նա իսկապես վիրավորում է ինքն իրեն, սակայն պարզվում է՝ ոչ մահացու: Այդ անհաջող մահափորձից հետո Բոդլերն ապրել է ևս 22 տարի և գրել իր գլխավոր ստեղծագործությունները, այդ թվում՝ «Չարի ծաղիկները»:

Բոդլերն ու Դյուվալը միասին են եղել 20 տարի, մինչև Դյուվալի մահը 1862 թ.: Բանաստեղծը նրան անվանում էր «սև Վեներա» և երկրպագում էր նրան: Դյուվալի մահվանից քիչ առաջ, իսկ նա մահացել է, ինչպես հաղորդվում է՝ սիֆիլիսից, նրա դիմանկարն է պատկերել իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ Էդուարդ Մանեն:

Բոդլերը մահացել է 1867 թ. հոգեբուժարանում: Ենթադրաբար՝ նրա մահվան պատճառը նույնպես սիֆիլիսն էր:

Փոխանցում է BBC-ն: