06.11.2018 14:48

Պուտին-Թրամփ լիարժեք ձևաչափով հանդիպումը չի կայանա Մակրոնի խնդրանքով

Պուտին-Թրամփ լիարժեք ձևաչափով հանդիպումը չի կայանա Մակրոնի խնդրանքով

Коммерснт-ի եվրոպացի իրազեկ դիվանագիտական աղբյուրը պարզաբանել է, թե ինչու է ձախողվել ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը Փարիզում: Նրա խոսքով՝ բանակցությունների անցկացմանը դեմ է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, որը չի ցանկացել, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը ստվերի Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի միջոցառումները:

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Փարիզ են ժամանելու նոյեմբերի 11-ին: Նախապես սպասվում էր, որ հոբելյանական միջոցառումների «շրջանակներում» նրանք լիարժեք բանակցություններ կանցկացնեն:

Սակայն երկուշաբթի Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպումը, հավանաբար, տեղի չի ունենա: «Համոզված չեմ, որ Փարիզում հանդիպումը տեղի ունենա, հավանաբար՝ ոչ»,- ասել է Թրամփը: «Մենք կհանդիպենք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում (Արգենտինայում), ու հավանաբար՝ հետո էլի հանդիպումներ կունենանք»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

«Փարիզում, ամենայն հավանականությամբ, մանրակրկիտ հանդիպում չի լինի: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված բազմակողմանի միջոցառումների ժամանակացույցը նման հանդիպում թույլ չի տալիս»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Փոխանցում է kommersant.ru-ն: