07.11.2018 11:03

Ամերիկյան ընտրություններ

Ամերիկյան ընտրություններ

Եվրոպական ժամանակով գիշերվա ընթացքում կստացվեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները:

Այս ընտրություններն անվանում են պատմական, և դրա վկայությունն է ամերիկյան չափանիշներով բավական մեծ մասնակցությունը: Նախագահի ժամկետի կեսին անցկացվող ընտրությունները միշտ էլ համարվում են յուրօրինակ վստահության քվե պետության ղեկավարի քաղաքականությանը, իսկ Դոնալդ Թրամփի դեպքում նախընտրական քարոզարշավն աչքի էր ընկնում առանձնակի սրությամբ:

Վերլուծաբանները նշում են, որ Թրամփը մեծ աջակցություն ունի գյուղական վայրերում, հավատացյալների և կրթության ցածր մակարդակ ունեցող մարդկանց շրջանում, և, ընդհակառակը, չափազանց բացասաբար է ընդունվում մնացած քաղաքացիների կողմից:

Այս ընտրություններում լիովին վերընտրվում է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը (435 ներկայացուցիչ՝ տարբեր նահանգներից), 100 սենատորներից 35-ը և 36 նահանգապետ:

Երկու պալատներն էլ վերջին երկու ընտրություններում վերահսկել են հանրապետականները: Այժմ դեմոկրատները մեծամասնություն են ստանում ներկայացուցիչների պալատում, սակայն սենատում հանրապետականները պահպանում են իրենց գերակշռությունը:

Փոխանցում է BBC-ն: