07.11.2018 12:08

Արսեն Գրիգորյան. ՀՀ-ում կա քարոզարշավի մեկ թեմա՝ շրջափակում եւ ԼՂ հարց

Արսեն Գրիգորյան. ՀՀ-ում կա քարոզարշավի մեկ թեմա՝ շրջափակում եւ ԼՂ հարց

Այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են ամենաբարդը: Հենց թեկուզ այն պատճառով, որ քաղաքական ուժերն առաջին անգամ «ռինգ» են դուրս գալու գաղափարներով: Բոլորը չեն կարող փնովել Սերժ Սարգսյանին եւ ողջունել նրա հեռացումը, դա «Իմ քայլը» կանի, եւ նրան կընկալեն: Մյուսները ստիպված են ավելի լուրջ բաներ մտածել:

Նախկինում գաղափարի կռիվ չկար՝ կար փողը, եւ կար փող բաժանելու դեմ ըմբոստացողը: Հիմա երկուսն էլ չկան: Իներցիան դեռ որոշ քվե կապահովի ԲՀԿ-ի համար՝ հանձին Ծառուկյանի, իներցիան նույնիսկ Ծառուկյանին թույլ կտա լինել մի քիչ «բարեգործ»: Փոքր դոզայի դեպքում դրա դեմ կարող է աչք էլ փակվել: Բայց Ծառուկյանը պիտի առաջարկի մի գաղափար, որն «Իմ քայլը» չի կարող առաջարկել: Նախորդ իշխանություններն իբրեւ «բոբո»՝ հաշիվ չեն, որովհետեւ էդ «բոբոն» նրանց էլ է կերակրել: Սա վերաբերում է նաեւ ՀՅԴ-ին: Թեպետ նրանք առաջարկելու բան կունենան: Այլ հարց է, թե որքանով է դա հետաքրքիր ընտրողին: «Լուսավոր Հայաստանին» չհաջողվեց դառնալ հեղափոխության համահեղինակ, մարդիկ կեղծ դուրս եկան:

Մի խոսքով՝ բոլորը պետք է մտածեն գաղափարներ: Քանի՞ գաղափար կա, որով արժե մարդամեջ դուրս գալ: Նկատի ունեմ՝ քարոզարշավի: Գլոբալ՝ միայն մեկ հարց՝ Ղարաբաղի հարցը: Սակայն երբ քաղաքական ուժերը այս թեման դարձնում են կենաց,-ասենք, մեր հողերի ցավը տանեմ, ոչ մի թիզ, եւ այլն,-Ղարաբաղի հարցը դառնում է միակը, որով չարժե մարդամեջ դուրս գալ: Հետեւաբար, մյուսները պիտի պոպուլիզմ բանեցնեն: Միաժամանակ իմանալով, որ ընտրություններին առաջին տեղը գրավելու մասին պիտի մոռանալ, այդ տեղն արդեն զբաղված է: Մյուսները, սակայն, պիտի պարազիտանան հեղափոխության գաղափարներով: Որովհետեւ նույնիսկ հեղափոխությունը Ղարաբաղից գաղափար չունի: Երբ Ղարաբաղի հարց չկա, կարելի է նույնիսկ տոկոսով գաղափար վերցնել մրցակից կուսակցությունից՝ ընտրություններին խայտառակ չլինելու համար:

Ես Ղարաբաղի թեման առանձնացնում եմ ոչ այն պատճառով, որ այն իսկապես լուրջ վերաբերմունք ուզող հարց է, այլ որ էդտեղ պոպուլիզմը քննություն չի բռնում, ոչ մեկին ձեռ չի տա նույնիսկ պոպուլիզմով շահարկել Ղարաբաղը: Պոպուլիզմով ոչ մեկին այն հետաքրքիր չէ, իսկ առանց պոպուլիզմի վտանգավոր է: Այսպիսով, պետք է առաջարկվեն գաղափարներ: Բայց մինչեւ հիմա գաղափարներ չեն եղել քաղաքական դաշտում՝ Ղարաբաղի հարցից բացի: Դա նշանակում է, կուսակցությունները Հայաստանը «դեմքով» չգիտեն: Վաղը դուրս են գալու փողոց ու պարզեն, որ մարդկանց սոցիալական խնդիրները նույնն են, մինչդեռ ընտրակաշառք բաժանել չի կարելի: Ու ի՞նչ են ասելու:

Ընտրողի հետ հնարավոր չէ խոսել լրջագույն մարտահրավերներից: Նախկինում փողը փակում էր կրեատիվ լինելու ցանկացած «մարտահրավեր»: Մտածելու պատասխանատվություն ոչ մեկը չուներ: Այնպես որ՝ սա լինելու է ամենապոպուլիստական գաղափարներով հագեցած մի քարոզարշավ, որում էլ հենց հեղափոխությունն իր հետեւից կփակի դուռը: Գուցե ներդրումների ճանապարհների՞ց են խոսելու բոլոր կուսակցությունները: Գուցե: Բայց էդ մասին իմաստ կունենար խոսել, եթե գործող իշխանությունը ներդրումների խոչընդոտ լիներ: Հայաստանում կա մեկ թեմա՝ շրջափակում եւ Ղարաբաղի հարց: Բայց քանի որ այս մասին չեն խոսելու (եթե, իհարկե, ՀԱԿ-ը չմասնակցի ընտրություններին), հետեւաբար՝ մյուս քաղաքական ուժերը ինչ-որ չափով նմանակելու են միմյանց գաղափարները: ՀՀԿ-ից բացի, որը թեմա է դարձնելու նույն գաղափարները, բայց հակառակ ծայրից: