07.11.2018 12:27

Ադրբեջանցի բանկիրի կինը կալանավորվել է

Ադրբեջանցի բանկիրի կինը կալանավորվել է

Լոնդոնի մագիստրատական դատարանը ունեցվածքի աղբյուրների հետաքննության շրջանակներում կալանավորել է ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջը՝ Զամիրա Հաջիևային:

Հաջիևային, որ 16 մլն ֆունտ է ծախսել միայն Լոնդոնի Harrods հանրախանութում, սպառնում է արտաքսում Բրիտանիայից:

Հաջիևան անցյալ շաբաթ լոնդոնյան ոստիկանության կողմից ձերբակալվել էր Ադրբեջանի իշխանությունների դիմումի համաձայն, նրան միջոցների անօրինական յուրացման մեղադրանք է ներկայացվել, ասվում է դատարանի հաղորդագրության մեջ:

Մեղադրանքի կողմը պնդել է, որ Հաջիևան կալանավորվի՝ մտավախություն հայտնելով, որ նա կարող է հեռանալ երկրից: Պաշտպանական կողմը խնդրել է կնոջը տնային կալանքի ենթարկել՝ նշելով, որ նա մտադիր չէ հեռանալ Բրիտանիայից, որտեղ նաև իր երեխաներն են գտնվում: Դատավորը համաձայնել է 55-ամյա Հաջիևային 500 հազար ֆունտ գրավի դիմաց թողնել տնային կալանքի տակ: Սակայն մեղադրական կողմը բողոքարկել է այդ որոշումը, և Հաջիևան կալանավորվել է:

Զամիրա Հաջիևան Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կինն է: Նախկին բանկիրը 2016 թ. Բաքվում հեռակա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ մսխման և խարդախության մեղադրանքներով:

Փոխանցում է BBC-ն: