07.11.2018 13:23

Միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը ձերբակալվել է Մոնակոյում

Միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը ձերբակալվել է Մոնակոյում

Ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը ձերբակալվել է Մոնակոյի դատախազության հայցով: Այդ մասին տեղեկացրել է ֆրանսիական Le Monde թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատերը ձերբակալվել է նոյեմբերի 6-ի առավոտյան բելգիական «Բրյուգեի» հետ  իր թիմի հանդիպումից քիչ առաջ:

Ռիբոլովլևի գործունեության հետաքննությունը նախաձեռնվել է Մոնակոյի դատախազի կողմից՝ կոռուպցիայի, ազդեցության վաճառքի և մի շարք այլ դրվագներով:

Թերթը նաև հիշատակում է արտ-դիլեր Իվ Բուվիեի անունը, որի հետ Ռիբոլովլևը դատվում էր Շվեյցարիայում այն պատճառով, որ Բուվիեն, իբր, իրեն մոլորեցրել էր վաճառվող կտավների իրական արժեքի պահով: Իր կորուստները ռուսաստանցի միլիարդատերը գնահատել էր 1 մլրդ դոլար:

BBC-ի աղբյուրը հաստատել է այն տեղեկությունը, թե Ռիբոլովլևի ձերբակալությունը կապված է կտավների հետ:

Forbes ամսագիրը Ռիբոլովլևի կարողությունը գնահատում է 6,8մլրդ դոլար:

Փոխանցում է BBC-ն: