07.11.2018 17:16

ՏԻՄ-ում չարաշահումների դեպքերով հարուցված գործերով վերականգնվել է շուրջ 87 մլն դրամ

ՏԻՄ-ում չարաշահումների դեպքերով հարուցված գործերով վերականգնվել է շուրջ 87 մլն դրամ

Քննչական կոմիտեն փոխանցում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 10 ամիսների ընթացքում քննվել է 178 քրեական գործ, որոնց քննության արդյունքում, որպես պետությանը պատճառված վնաս վերականգնվել է 86 միլիոն 269 հազար 663 դրամ:

Քրեական գործերը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 308-րդ, 314-րդ և 325-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերին։ Հարուցված 178 քրեական գործերից 11-ը՝ 11 համայնքի ղեկավարի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նշված քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է 36.647.100 դրամ, որից վերականգնվել է 26.919.200 դրամը:

33 քրեական գործով որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին, որից 13-ը՝ արդարացնող՝ հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքով, իսկ 20-ը՝ ոչ արդարացման՝ գործուն զղջալու հիմքով:

Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 13.528.963 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործերի մի մասը նախաքննության ընթացքում միացվել է մեկ վարույթ և ներկա դրությամբ առկա է 92 քրեական գործ, որոնցով 21 համայնքի ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ:

Քննչական կոմիտեի վարույթում առկա քրեական գործերով կատարվում են բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: