08.11.2018 13:08

Ռուսաստանցի գործարարի դեմ Մոնակոյում կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել

Ռուսաստանցի գործարարի դեմ Մոնակոյում կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել

Ռուսաստանցի գործարար Դմիտրի Ռիբոլովլևին, որը նախորդ օրը Մոնակոյում ձերբակալվել էր, կոռուպցիայի և ազդեցության վաճառքի մեղադրանք է ներկայացվել, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով Մոնակոյի գլխավոր դատախազին:

Գործարարին չհեռանալու ստորագրությամբ բաց են թողել, գրում է Monaco-Matin թերթը: Նշվում է, որ նրան մեղադրանք է ներկայացվել ավելի քան 24 ժամ հարցաքննությունից հետո:

Ռիբոլովլևից բացի՝ մեղադրանքներ են առաջադրվել նաևՄոնակոյի արդարադատության նախկին նախարար Ֆիլիպ Նարմինոյի կնոջն ու որդուն, ինչպես նաև փաստաբան Տատյանա Բերշեդային:

2015 թ. ռուս գործարարը գանգատ էր ներկայացրել արտ-դիլեր Բուվիեի գործունեության վերաբերյալ՝ պնդելով, որ նա մի քանի տարի շարունակ իրեն արվեստի գործեր է վաճառել բարձր գներով և ապօրինաբար յուրացրել է ավելի քան մեկ մլրդ դոլար:

Ոստիկանությունը կասկածներ ունի, որ ռուսաստանցի գործարարը, հնարավոր է՝ ազդեցություն է գործել Մոնակոյի պաշտոնյաների նկատմամբ, որպեսզի դատարանն իր օգտին որոշում կայացնի: Սեպտեմբերին Մոնակոյի արդարադատության նախարար Ֆիլիպ Նարմինոն հրաժարական տվեց այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, որ նա, հնարավոր է՝ ազդել է Ռիբոլովլևի և Բուվիեի դատաքննության ելքի վրա:

Փոխանցում է Interfax-ը: