08.11.2018 13:14

Հայաստանը բանակցում է գազի սակագնի նվազեցման հարցով. նախարար. «Արմենպրես»

Հայաստանը բանակցում է գազի սակագնի նվազեցման հարցով. նախարար. «Արմենպրես»

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ» ընկերության հետ՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի նվազեցման հարցով:

«Այս պահին բանակցություններն ընթանում են և՛ սահմանին գազի գնի ձևավորման և ներքին կառուցվածքի հետ կապված: Որպեսզի չվնասենք բանակցությունների ընթացքին, չեմ ցանկանում այս պահին որևէ բան ասել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է նախարարը:

Հարցին՝ բանակցությունները միտվա՞ծ են  ներքին սպառողի համար գազի սակագինը նվազեցնելուն, նախարարի պաշտոնակատարը պատասխանել է, որ բանակցություններն ընթանում են սակագինը նվազեցնելու հարցով:

«Փորձում ենք, որպեսզի այդ բանակցություններն արդյունավետ լինեն: Բանակցությունները միտված են սակագնի նվազմանը: Եթե ունենանք դրական արդյունքներ, կունենանք նաև նվազում »,- ասել է նախարարը: