08.11.2018 14:49

Թրյուդոն ներողություն է խնդրել Կանադայի կողմից

Թրյուդոն ներողություն է խնդրել Կանադայի կողմից

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել նացիստական Գերմանիայից ժամանած հրեա փախստականներից ու նրանց ընտանիքներից, որոնց կանադական կառավարությունը հրաժարվել է ընդունել 1939 թ.: Թրյուդոն համապատասխան հայտարարությունն արել է երկրի խորհրդարանում:

«Այսօր ես եկել եմ Համայնքների պալատ, որպեսզի չափազանց ուշացած ներողություններ խնդրեմ հրեա փախստականներից, որոնց նավը Կանադան ետ էր շրջել իր ափերից,- ասել է նա:- Մենք ներողություն ենք խնդրում այն 907 հրեաներից, որոնք այն ժամանակ եղել են «Սենտ-Լուիս» նավում, ինչպես նաև նրանց ընտանիքներից»:

«Սենտ-Լուիս» նավը, հրեա փախստականներով, Գերմանիայից կանադական Գալաֆաքս նավահանգիստ է հասել 1939 թ. հունիսի 7-ին: Նավում ապաստան խնդրող 907 հրեա է եղել, որոնք փախել էին Գերմանիայում հալածանքներից: Կանադայի վարչապետ Մաքենզի Քինգի կառավարությունը հրաժարվել է ընդունել փախստականներին, ինչպես դա արել էին Կուբայի, ԱՄՆ-ի և Հարավային Ամերիկայի մի քանի երկրների իշխանությունները, և նավը վերադարձել է Եվրոպա: Հրեա ուղևորների մի մասին համաձայնել են ընդունել Բելգիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները և Ֆրանսիան, իսկ 500 հրեաներ վերադարձել են Գերմանիա: Նրանցից 254-ը հետագայում մահացել են համակենտրոնացման ճամբարներում:

Փոխանցում է tass.ru-ն: