08.11.2018 16:44

Վրաստանի նախագահի թեկնածու Վաշաձեն հաղթելու դեպքում խոստացել է ներում շնորհել Սաակաշվիլիին

Վրաստանի նախագահի թեկնածու Վաշաձեն հաղթելու դեպքում խոստացել է ներում շնորհել Սաակաշվիլիին

Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ու ՄԱՇ-ի դաշնակից տասը կազմակերպությունների կողմից նախագահի թեկնածու առաջադրված  Գրիգոլ Վաշաձեն Հելսինկիում  Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ մասին տեսանյութ է ցուցադրել Rustavi 2 հեռուստատեսությունը:

«Զրույցի ընթացքում խոսվել է հոկտեմբերի 28-ին Վրաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլի մասին»,- տեղեկացրել է Վաշաձեն:

Rustavi 2-ը նաև տեղեկացրել է, որ Հելսինկիում Վաշաձեն Նիդեռլանդներից այստեղ ժամանած Միխեիլ Սաակաշվիլիի հետ միասին հանդիպել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանի հետ:

Նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, 66-ամյա Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 38,64 %-ը, իսկ 60-ամյա Գրիգոլ Վաշաձեն՝ 37,74 %-ը:

Վրաց քաղաքական և հասարակական գործիչներից ոմանք այն կարծիքի են, որ եթե Վաշաձեն իշխանության գա, նա հաշիվ կմաքրի քաղաքական հակառակորդների հետ: «Վրացական երազանքից» պատգամավոր Գեդևան Պոպխաձեն նույնիսկ հայտարարել է, որ «խորապես համոզված է՝ եթե Վաշաձեն հաղթի ընտրություններում, Վրաստանում քաղաքացիական պատերազմն անխուսափելի կլինի, քանի որ Վաշաձեն «ռևանշիստական տրամադություններ և մտադրություններ ունի»:

Վաշաձեն ինքը հերքում է այդ մեղադրանքները: Նա բազմիցս հայտարարել է, որ իր հաղթանակն ընտրություններում թույլ կտա «սկսել իշխանափոխություն՝ կոալիցիոն արևմտամետ կառավարություն ձևավորելու նպատակով: Նա նաև նշել է, որ մտադիր է ներում շնորհել Սաակաշվիլիին:

Վերջին ամիսներին Նիդեռլանդներում գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, սակայն, օրերս հայտարարել է, թե չի դիմի Վրաստանի գործող կամ ապագա նախագահին՝ ներման խնդրանքով, այլ մտադիր է իր իրավունքները պաշտպանել Վրաստանի դատարանում:

Փոխանցում է tass.ru-ն: