08.11.2018 17:38

Լիզա Ճաղարյան. Ի՜նչ դաժան եք, պարոն «նախագա», բա դա անելու բա՞ն էր

Լիզա Ճաղարյան. Ի՜նչ դաժան եք, պարոն «նախագա», բա դա անելու բա՞ն էր

Մինչ ես ըմբոշխնում էի ՀՀԿ-ական «կոմսոմոլների» մեկը մյուսից զվարճալի ու խղճահարույց հոխորտանքները, պարզվեց՝ այդ ընթացքում առավել զվարճալի հայտարարություն է հանրությանը նետվել։

ԱԺՄ-ի սրտառուչ հայտարարությունը։ Բնականաբար՝ հենց է՛ն գլխից հիշեցմամբ, որ այս կուսակցության «նախագա»-ն Վազգեն Մանուկյանն է։

Հայտարարությունն սկսվում է այսպես. «ԱԺՄ կուսակցությունը 1991-2008 թթ. մեծ դերակատարում է ունեցել մեր պետության կյանքում: Այս տարիներին պարբերաբար ընտրակեղծիքների հետ բախվելու հետևանքով կուսակցության դերակատարումը քաղաքական դաշտում հետզհետե նվազել է»։

Թե ինչ ու ինչպիսի մեծ դերակատարում է ունեցել 1991-2008 թվականներին հատկապե՛ս ու մասնավորապե՛ս այս կուսակցությունը՝ չծավալվենք։ Ընդամենը հիշեցնենք, թե ՀՀՇ-ից պոկված այս բեկորը հե՛նց հայտարարության մեջ նշված տարիներին, Վազգեն Մանուկյանի ցուցումով Ազգային ժողովի դարպասը ջարդելով խորհրդարանի շենք ներխուժելուց, պատերազմական իրավիճակում մի կերպ ձեռք բերած համակարգիչները փշրելուց ու ԱԺՄ-ական Արշակ Սադոյանի «ահա՛ նրանք, արեք նրանց հետ ինչ ուզում եք» հրահանգով Աժ նախագահ-փոխնախագահներին արյունլվիկ անելուց հետո՝ այս կուսակցության հաջորդ հերոսական արարքը կուսակցության գրասենյակում ԱԺՄ-ի կնիքի սեփականաշնորհման համար «ազնիվ» ձեռնամարտն էր, որից հետո պարտվածները լքեցին ԱԺՄ-ն, ամեն մեկն իր համար մի «քիփլիկ» կուսակցություն ստեղծեց, որ «քուջուջ անի, գլուխը պահի»։ Ու վատ էլ չպահեցին իրենց «հեղափոխական եւ աննկուն» գլուխները. յուրաքանչյուրին մի-մի համեստ պաշտոն տվեցին ռոբասերժական տարիներին, ու սրանց ականջ սղոցող ճիչ-աղաղակներն ընդմիշտ մարեցին, սրանց զիլ ձայնալարերը խզվեցին, սրանք իսպառ մոռացան 4-րդ խոսափողի տեղն էլ, երկրում մոլեգնող անարդարությունների ու բեսպրեդելների մասին էլ։

Սակայն, այս հայտարարության մեջ ամենաուշագրավը 1991-2008 թվականների ընդգծումն է։ Բանից պարզվում է, Հայաստանում հենց ա՛յս տարիներին է ԱԺՄ-ն «պարբերաբար ընտրակեղծիքների հետ բախվել», 2008-ից մինչեւ ՀՀԿ-ի պարտությունը, չէ՛, էլ չի «բախվել»։ Ինչու՞ չի բախվել։ Որովհետեւ Սերժիկ Սարգսյանը հիանալի գիտեր մանուկյանականների «բախումը» չեզոքացնելու ուղին։ Այդ ուղին Մանուկյան Վազգենին «նախագա» կարգելն էր։ Ինչի՞ «նախագա»։ Ի՞նչ կարեւոր է։ Կարեւորը՝ «նախագա» դառնա, ինքն էլ իր կուսակիցների նման «քուջուջ անի, գլուխը պահի»։ Եվ Վազգեն Մանուկյանը 2008-ից մինչեւ մեր օրերն ահա այսպես գլուխը պահում էր։ Նախագահականին կից քուջուջ անելով։ Երազանքը մասամբ կատարված էր՝ «նախագա» էր դարձել, ոչինչ չանելու համար բարձր աշխատավարձն ապահովված էր, դրանից հետո ո՞նց կարող էին պարոն Մանուկյանի աչքին երեւալ Մարտի 1-ի արյունահեղությունը, հարյուրավոր քաղբանտարկյալների խոշտանգումներն ու կալանավորումները, հրեշավոր չափերի հասնող կոռուպցիան ու բեսպրեդելը, ապրիլյան քառօրյա պատերազմի ողբերգական ավարտի պատճառները։ Չէ՛, չէր կարող տեսնել, ինքը ՀՀ նախագահին կից «նախագա» էր, եւ երջանկությունից նրա աչքերը փառակալել էին։

Իշխանափոխությունից հետո պարոն Մանուկյանի հովվերգության գլխին սեւ ամպեր են կուտակվել, շատ հավանական է, որ զրկվի «նախագա»-ի տիտղոսից, դե՛ դրա համար էլ հիշել է, որ ինքը նաեւ ԱԺՄ-ի «նախագա» է։

Բայց քանի որ ԱԺՄ-ականները նախատեսել էին մինչեւ գարուն «թարմացնել գաղափարական սկզբունքներն ու ծրագրերը», իսկ ձմեռը սովորականի պես գարունից շուտ եկավ, եւ ԱԺ ընտրությունները կայանալու են դեկտեմբերին, ԱԺՄ-ն «ցավով» արձանագրում է, որ «պետական և ազգային շահով չհիմնավորված որոշում ընդունվեց», եւ «գուժում է» իր «տասնյակ հազարավոր» համախոհներին ու կուսակիցներին, որ հիմա պատրաստ չեն «մասնակցել պարտադրված խաղին»։

Հարց. ո՞նց դիմանանք այս անագորույն հարվածին։

Շատ հուսահատվել չարժե։ Հայաստանի քաղաքացիները շատ դժվարություններ են տեսել, այս մեկին էլ կդիմանան։ Մանավանդ որ՝ թունելի վերջում լույս է առկայծում։ Ահա՛. «Ընտրությունների ավարտից հետո ԱԺՄ-ն կնախաձեռնի կուսակցության համալրման և զարգացման ծրագիր` նպատակ ունենալով նորից ստանձնել պետության մեջ այն դերակատարումը, որն ունեցել է սկզբնական շրջանում»։

Այնպես որ, կյանքը շարունակվում է, սիրելի հայրենակիցներ, մի քանի տարի էլ դիմացեք, ԱԺՄ-ն հենց համալրվի ու զարգանա, նորից բախվելու է... Չէ, ստանձնելու է...

...Ինչ է ստանձնելու՝ չգիտեմ, բայց կարեւորն այն է, որ ստանձնելու է, իսկ ամենակարեւորն էլ այն է, որ այդ «ստանձնում»-ն ի կատար է ածելու «նախագա» Վազգեն Մանուկյանը։