10.11.2018 11:30

Շախմատային տիտանների բախումը Լոնդոնում. Կարլսեն - Կարուանա

Շախմատային տիտանների բախումը Լոնդոնում. Կարլսեն - Կարուանա

Լոնդոնում մեկնարկել է շախմատային թագի համար պայքարը: Նոյեմբերի 9-28-ը աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն ու հավակնորդների մրցաշարի հաղթող, Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան միմյանց միջև կպարզեն, թե առաջիկա 2 տարիներին ո՞վ է շախմատային թագավորության տիրակալը:

Կարլսեն - Կարուանա մրցախաղը

Շախմատիստները 12 պարտիա են խաղալու՝ ընթացքում ունենալով գրաֆիկով նախատեսված հանգստյան օրեր: Նորվեգացու միջազգային վարկանիշը այս պահին 2835 է (ամենաբարձրը՝ 2882 (2014թ.)), իտալացունը՝ 2832  (ամենաբարձրը՝ 2844 (2014թ.)): Հարկ ենք համարում նշել, որ այս պայմաններում, եթե Կարուանան կարողանա հաղթել մրցախաղը՝ կդառնա համար 1-ը աշխարհում՝ նաև միջազգային վարկանիշի ցուցանիշով: 
Մրցակիցները միմյանց շատ լավ են ճանաչում և բազմիցս հանդիպել են օրացուցային պլանով նախատեսված բարձր կարգի մրցաշարերում: 2007 թվականից մինչև օրս շախմատային գիգանտները միմյանց միջև 50 պարտիա են անցկացրել, որոնցում 19 հաղթանակ տարել է Կարլսենը, 10-ը՝ Կարուանան և 21 հանդիպում էլ ունեցել է խաղաղ ելք:

Գլխավոր մրցավար

Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: