10.11.2018 14:11

«Բորուսիա» Դորտմունդ-«Բավարիա». Խաղից առաջ (տեսանյութ)

«Բորուսիա» Դորտմունդ-«Բավարիա». Խաղից առաջ (տեսանյութ)

Այսօր Գերմանիան և աշխարհի ֆուտբոլասերներն ականատեսը կլինեն գերմանական ֆուտբոլի  կարևորագույն  հանդիպումներից մեկին: «Իդունա Պարկ» մարզադաշտում «Բորուսիան» կընդունի «Բավարիային»: Այս 2 թիմերի միչև Չեմպիոների լիգայի հիշարժան հանդիպումից ի վեր, թերևս, հենց այս դիմակայությունն առնաձնահատուկ նշանակություն ունի: 2 տարի առաջ (հետաքրքիր է, որ կրկին 11-րդ տուրում) Թոմաս Տուխելի դորտմունդցիները կարողացան տանը հաղթել Մյունխենից ժամանած ֆուտբոլիստներին և առաջատարին հասնելու ճանապարհին կրճատեցին միավորների տարբերությունը 3-ով: Այս անգամ ամեն ինչ մի փոքր այլ է և, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել: Առաջատարը  «Բորուսիան» է:

Ներկա պահին Դորտմունդյան թիմը գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը և 4 միավորով առաջ է Մյունխենի «Բավարիայից»: «Դորտմունդի» գլխավոր մարզիչ Լուսիեն Ֆավրը կարծում է, որ սա դեռ առավելագույնը չէ և իր թիմը տակտիկապես ավելի գրագետ ֆուտբոլ կարող է խաղալ: Այնուհանդերձ, անկախ այն արդյունքից, որը կգրանցվի «Սիգնալ Իդունա Պարկում», «Բորուսիան» կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսն առաջիկա խաղի ֆավորիտ է համարում մրցակցին, քանի որ նրան այնքան էլ չի գոհացնում «Բավարիայի» ցուցադրած խաղը Նիկո Կովաչի գլխավորությամբ:

«Մենք գիտենք և հասկանում ենք, թե ինչ բարդ հանդիպում է մեզ սպասում: Մրցելու ենք շատ ուժեղ թիմի հետ: Այդ պատճառով պետք է շատ գրագետ և խելացի խաղ ցուցադրենք: «Բավարիան» հիանալի է գործում ոչ միայն հարձակման գծում, այլ ամենուր, այդ պատճառով դեռ չենք որոշել, թե ինչպես պետք է գործենք նրանց դեմ: Միակ բանը, որ հաստատ է, դա այն է, որ պետք է անթերի գործենք թե առջևի գծում, թե թիկունքում, թե միջին գծում, եթե իհարկե ցանկանում ենք հաղթել: «Բորուսիան» տակտիկապես շատ է աճել վերջին 3-4 ամսվա ընթացքում, բայց դա դեռ մեր առավելագույնը չէ, դեռ շատ բան ունենք սովորելու, հատկապես մեր երիտասարդ խաղացողները»,- հայտարարել է Ֆավրը:

 

Հիշեցնենք, որ շվեյցարացի մասնագետի գլխավորությամբ «Բորուսիան» դեռ չի պարտվել Բունդեսլիգայում:  Հայտարարությամբ է հանդես եկել նաև «Դորտմունդի» սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը:

«Իրականում շատ մանրուքներ են լուծել այն խնդիրները, որոնց արդյունքում մենք հիմա այնտեղ ենք, որտեղ կանք: Առաջին իսկ օրից, ինչ Ֆավրը գլխավորեց «Բորուսիան»,  հասկացրեց բոլորին, որ այս թիմը ստեղծված է հաղթելու համար: Ֆուտբոլիստները և մենք շատ ենք վստահում մեր մարզչին: Սա է հաղթանակի միակ գրավականը: Բոլորս անհամբերությամբ ենք սպասում «Բավարիաի» հետ խաղին: Ինչպես մյուս բոլոր խաղերում, այս խաղում նույնպես մեր միակ նպատակը լինելու է երեք միավոր վաստակելը: Հասկանում ենք, որ «Բավարիան» մեր հետ խաղալու է լրիվ այլ ֆուտբոլ, ոչ այնպես, ինչպես նրանք անում են վերջին շրջանում: Սպասվում է համառ պայքար: Մենք այնքան էլ լավ չխաղացինք Մադրիդում և դա պետք է անենք Բունդեսլիգայի առաջիկա տուրում,- ասել է Ցորկը:

Այս հակամարտությունում շատ բան կարող է  որոշել նաև 2 թիմերի ռմբարկուների՝ Պակո Ալկասերի և Ռոբերտ Լևանդովսկու խաղը: Կարծում ենք՝ ներկայացվող տեսանյութը, որը ներկայացնում է այս 2 ֆուտբոլիստներ արդյունավետ գործողությունները շատ բան կարող են ասել: