10.11.2018 12:27

Մհեր Արշակյան. Մովսես եւ Համլետ

Մհեր Արշակյան. Մովսես եւ Համլետ

Բոլոր  հեղափոխությունները ծնում են իրենց Մովսեսին: Մովսեսն այն մարդն է, որը հրեա ժողովրդին առաջնորդեց Ավետյաց երկիր ու ինքը չտեսավ այն: Ժամանակակից Մովսեսները հեղափոխություններն անում են հենց «Ավետյաց երկրում», որտեղ, Համլետի խոսքերով, «ինչ-որ բան է փտել»: Ժամանակակից Մովսեսները գուցե իրենց ջանքերով նվաճված ինչ-որ համաժողովրդական բարձունք վայելում են: Բայց նրանք Մովսես են հենց այն օրինաչափությամբ, որ իրենց հաջորդում է Հեսուն:

Փաշինյանը Մովսես է միայն Ղարաբաղի հարցի հանգույն: Մնացած բոլոր առումներով նա մի առաջնորդ է, որը հետամուտ է միայն աչքով տեսած արժեքներին: Ասենք, դատարանների անկախություն: Ասում է ու անում է, նույնիսկ մեկ օր չի տալիս դատարաններին նոր իրավիճակին սովորելու համար: Օլիգարխիայի վերացում: Անպատժելիության չեզոքացում: Դեռեւս ընտրությունները տեղի չեն ունեցել, բայց բոլորն արդեն գիտեն եւ նույնիսկ չեն կասկածում, որ ընտրակաշառք չի լինելու: Այն առաքելության համար, որ ունի Փաշինյանը, այս ամենը միայն ժողովրդավարության եւ ապագայի Հայաստանի անոնս են: Դեռեւս ոչինչ տեղի չի ունեցել: Դեռեւս բժիշկը պարզել է, որ հիվանդն այնպիսի վիճակում էր, որ ճիշտը նրան արհեստական կոմայի մեջ գցելն էր: Բժշկությունը ապացուցեց, որ Հայաստանը մեռած չէ, բայց նրա ներքին օրգաններն այնքան են վնասվել, որ ճիշտը արհեստական կոման է, մինչեւ մարմինը ինքնապահպանման ուժեր գտնի իր մեջ:

Բանն այն է, որ այս ամենը՝ օլիգարխիայի վերացումը, արդար դատական համակարգը, ազատ մամուլը պետությունը կիմաստավորեն միայն Ղարաբաղի հարցից հետո: Արհեստական շնչառության սարքերը կանջատվեն եւ պետությունն ինքնուրույն կշնչի, երբ Փաշինյանը կանի ամենացավոտ «բժշկական» միջամտությունը՝ նա պիտի ինչ-որ բան զիջի Արցախի հատվածում խաղաղության համար: Գուցե վարչապետի պաշտոնակատարը նման քայլի չգնա, գուցե նրան էլ ստատուս քվոն լիովին կբավարարի, քանի դեռ ժողովուրդը որեւէ զիջման պատրաստ չէ, Արցախի ժողովուրդն՝ առավելեւս:

Քաղաքականությունը տեխնոլոգիա է, բայց ժամացույցի մեխանիզմ չէ, այն ճշգրիտ գիտություն է, բայց ոչ՝ մաթեմատիկա: Այստեղ նույն թվերի գումարով կարելի է ստանալ տարբեր հավասարումներ եւ անընդհատ տարբեր թվերով կարելի է ստանալ նույն հավասարումը: Երբեմն քաղաքականության մեջ ամենաճշգրիտը ինքնազոհաբերությունն է: Երբեմն՝ ինքնապահպանման համակարգված բնազդը, որում զոհաբերվողն ուրիշն է: Առաջինը Համլետն է, երկրորդը՝ նրա հորեղբայրը: «Համլետն» ունի Ղարաբաղի հարց, հորեղբայրը՝ իշխանության: Համլետը զոհաբերում է իրեն, հորեղբայրը՝ Օֆելյային, Պոլոնիուսին, Լաերտին: Համլետը չի տեսնելու իշխանության ինքնամաքրումը, որը հորեղբայրն ատամներով թույլ չի տալու: Նիկոլ Փաշինյանի Դանեմարքան սիրում է Համլետին, լեգիտիմությունը սերն է, ոչ թե՝ քաղաքական տեսլականները: Եվ իր սերը Փաշինյանը պիտի դնի ավելի մեծ մի առաքելության զոհասեղանին, որը խաղաղությունն է: Այդ խաղաղության մեջ իշխանությունն արդեն թագավորին սպանելու ճանապարհով գահին տիրանալու նպատակ չէ, այլ ժողովրդական քվեի արտահայտություն:

Եթե ավելի պրոզաիկ ասենք, Արցախի միջազգայնորեն ճանաչվելիք անկախության դիմաց առավելագույնս լեգիտիմությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը զիջում է հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտու մի մասը, որն, ըստ ամենայնի, նրան կարժենա ամբողջ իշխանության կորուստը: Եթե դրա գինը իշխանության կորուստն է, հաջորդ ղեկավարն արդեն չունի նման «մահացու» որոշումներ կայացնելու պարտադրանքը: Նրա գործը պետության ամբողջական շինարարությունն է խաղաղության մեջ: Ոչ ոք նրանից չի կարող պահանջել հետ վերցնել անվտանգության գոտին: Դա արդեն լուրջ չէ: