10.11.2018 18:27

Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանն` աշխարհի փոխչեմպիոն (տեսանյութ)

Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանն` աշխարհի փոխչեմպիոն (տեսանյութ)

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը +109 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը՝ երկամարտում հավաքելով 450 կգ: Չեմպիոնի կոչումը նվաճեց Ռիոյի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն՝ 474 կգ (աշխարհի ռեկորդ):

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը մեկնարկեց 200 կգ-ով, երկրորդ փորձի ժամանակ կարողացավ բարձրացնել նաեւ 205 կգ արդյունքը եւ գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն Լաշա Տալախաձեին՝ 217 կգ: 211 կգ բարձրացնել Մինասյանի չհաջողվեց:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը սկսեց 240կգ-ով եւ բարձրացրեց առաջին փորձի ժամանակ: Երկրորդ փորձի ժամանակ հայ մարզիկը բարձրացրեց 245 կգ, որից հետո պատվիրեց նաեւ 250 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել եւ գրավեց երկրորդ տեղը: Տալախաձեն հրում վարժությունում ցույց տվեց 257 կգ՝ աշխարհհի ռեկորդ: Նա դարձավ աշխարհի եռակի չեմպիոն: