12.11.2018 09:30

Тata Steel Chess India. Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Тata Steel Chess India. Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Հնդկաստանի Կոլկաթա քաղաքում անցկացվող շախմատի Тata Steel Chess India մրցաշարի մասնակիցներն ավարտեցին արագ շախմատի մրցամարտը:

Ցավոք, այսօր կայացած ավարտական՝ 7-9-րդ տուրերի հանդիպումներում Արոնյանն այնքան էլ հաջող չխաղաց, ինչպես նախորդ երկու օրերին:

7-րդ տուրում Լևոնը սպիտակներով 29-րդ քայլին հաշտություն կնքեց Գուջրաթի Վիդիթի հետ, իսկ ահա հաջորդ մրցախաղում սևերով 95-րդ քայլին պարտվեց Պենտալա Հարիկրիշնային: Արոնյանը մրցաշարն ավարտեց Շահրիյար Մամեդյարովի հետ սպիտակներով 37-րդ քայլին գրանցած ոչ-ոքիով:

Այսպիսով, 9 հնարավորից վաստակած 5,5 միավորով Արոնյանն արագ շախմատի մրցախաղում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով նույնպիսի արդյունք ցույց տված Պենտալա Հարիկրիշնային, որից կրած միակ պարտությունը Լևոնին զրկեց գլխավոր մրցանակից: Նրանցից յուրաքանչյուրը պարգևատրվեց 4,5 հազար դոլարով: Իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց  Հիկարու Նակամուրան, ով վաստակեց 6 միավոր և արժանացավ 10 հազար դոլար դրամական մրցանակի:

Վաղը մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ նոյեմբերի 13-14-ը երկու շրջանով կանցկացնեն կայծակնային շախմատի մրցաշար, որում Սարին Նիհալի փոխարեն հանդես կգա Ռամեշբաբու Պրագնանանդհան: Այս մրցաշարում ևս դրամական մրցանակների կարժանանան լավագույն արդյունք ցույց տված 5 մասնակիցները: Լավագույնը ճանաչված շախմատիստը կստանա 7,5 հազար դոլար: