24.09.2012 01:57

Յուրա Մովսիսյան. «Ես կարող էի խաղալ «Արսենալի» կազմում

Յուրա Մովսիսյան. «Ես կարող էի խաղալ «Արսենալի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը բացառիկ հարցազրույցը «Երևան» ամսագրին...

- Յուրա՛, դու ֆուտբոլով սկսել ես զբաղվել ԱՄՆ-ում, որտեղ ինչքան հայտնի է, եվրոպական ֆուտբոլն այդքան էլ պոպուլյար չէ…
- Ամեն դեպքում վերջին տարիներին այդ ուղղությամբ շատ են աշխատում, հրավիրում են հանրահայտ ֆուտբոլիստների, օրինակ Դեյվիդ Բեքհեմը: Զարմանալի չէ, որ ես ընտանիքիս հետ մեկնեցի ԱՄՆ, որոշեցի կյանքս կապել ֆուտբոլի հետ: Մնացած մարզաձևերը ինձ երբեք չեն հետաքրքրել, չնայած մի պահ ինձ համոզում էին զբաղվել ամերիկյան ֆուտբոլով՝ արագությունս տեղն է և համապատասխան ֆիզիկական տվյալներ ունեմ:
- Բարեբախտաբար «իսկական» ֆուտբոլին չես դավաճանել:
- Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ես գիտակցաբար եմ գնացել այդ քայլին:
- MLS առաջնություններում մասնակցել ես երեք մրցաշրջանի և դարձել ես 20 գոլի հեղինակ…
- Սկզբում շատ բարդ էր, քանի որ ես փորձ չունեի և պետք էր շատ ջանք թափել, որ ստանայի իմ հնարավորությունը: Այդ տարիներին ես շատ բան սովորեցի: Իսկ Դեյվիդ Բեքհեմի թիմի նկատմամբ տարած հաղթանակը MLS-ի գավաթի եզրափակչում ինձ համար ամենամեծ նվաճումներից մեկն էր: Այդ ժամանակ եզրափակիչ խաղերում ես շատ գոլեր էի խփում, հատկապես հանդիպման վերջին րոպեներին: Այնպես որ, «Ռեալ Սոլթ Լեյք Սիթիից» հեռացա որպես չեմպիոն, MLS-ում դեռ ինձ երկար կհիշեն:
- Մի քանի տարի առաջ դու հայտնվեցիր Հայաստանի ազգային հավաքականում, չնայած ամերիկյան ընտրանու կազմում ընդգրկվելու վատ հնարավորություն չունեիր, որը պարբերաբար մասնակցում է աշխարհի առաջնություններին: Ինչո՞վ կբացատրես քո ընտրությունը:
- Սկզբունքորեն, ես ԱՄՆ հավաքականի մարզաշապիկով ավելի հեշտ կլիներ նոր նվաճումներ արձանագրել, բայց ես հեշտ ուղիներ երբեք չեմ փնտրում: Հետաքրքիր է այնպիսի որոշումներ կայացնել, խոչընդոտներ հաղթահարել, որպեսզի արդյունքն ավելի ակնառու լինի: Երբ ես կայացա որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որոշեցի օգնել հայրենիքիս: Ժամանակն էր, որպեսզի մեր երկրպագուները սկսեին հպարտանալ մեր թիմով: Բարեբախտաբար, մենք գերազանց թիմ ունենք, որը համալրված է տաղանդավոր ֆուտբոլիստներով, և մենք աստիճանաբար սկսեցինք ցուցադրել՝ ինչի ենք ընդունակ: Շատերի համար մեր խաղը հաճելի անակնկալ էր, իսկ ես համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել:
- Կարծում եմ՝ երկրպագուները նույնպես ուրախ են քո ընտրությամբ: Հիշում ես քո առաջին զգացողությունը, երբ հագար հավաքականի մարզաշապիկը:
- Անկեղծ ասած, այդ հիշողություններն այդքան էլ հաճելի չեն: Դա ընկերական խաղ էր. Երևանում «Հրազդան» մարզադաշտում խաղում էինք Իրանի հավաքականի դեմ, բայց ես խաղից առաջ ինչ-որ բանից թունավորվել էի և ընդամենը 10 րոպե խաղացի, ինչ եղավ հետո, համարյա չեմ հիշում: Բայց դրանք մանրուքներ են: Քանի որ ազգային հավաքականի մարզաշապիկի վրա գրված անունդ, և այն, որ քեզ հետևում են միլիոնավոր հայեր, դա արդեն աներևակայելի բան է:
- Հիշում եմ, թե ինչպես էր ամբողջ երկիրը ցնծում, երբ դու Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում խփեցիր քո առաջին գոլը, իսկ դու ի՞նչ էիր զգում:
- Ինչպես կարող եմ նկարագրել, ասենք ի՞նչ ես զգում առաջին համբույրից հետո: Միայն կարող եմ ասել, որ այդ պահը կյանքում երբեք չեմ մոռանա:
- Չնայած ԵՎՐՈ-2012-ի խմբային փուլում մեր ընտրանու գերազանց խաղին, թիմը չկարողացավ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Պարտություններից հետո ինչպե՞ս ես հետագայում քեզ տրամադրում:
- Միշտ էլ կարող ես այդ ամենի համար մեղադրել մրցավարությանը, վատ եղանակին և այլն: Բայց առաջին հերթին պետք է առավելագույն կերպով անել այն, ինչը հենց քեզնից է կախված: Այդ առումով ինձ համար ամենացավալի պարտությունը Ռուսաստանի հավաքականից արտագնա խաղում կրած պարտությունն է, երբ մենք այնպիսի գոլ ընդունեցինք, որ կարող էինք չընդունել և չխփեցինք այն իրավիճակում, երբ կարող էինք գրավել մրցակցի դարպասը: Միայն մեզ պետք է մեղադրենք: Ինչպես ասում են, դաշտն ու գնդակը բոլոր ֆուտբոլիստների համար նույնն են, գնա և խաղա: Նույնիսկ եթե անձրև կամ ձյուն է տեղում, ապա մրցակիցը նույնպես գտնվում է նույն իրավիճակում:
- Բացի մարզիչներից ու թիմակիցներից, մարդիկ կա՞ն, ում կարծիքը քեզ համար կարևոր է:
- Իմ ամենանվիրված աջակիցը հայրս է: Նա ինձ հետ մեկնում է գրեթե բոլոր խաղերին, նույնիսկ եթե դրանք ընկերական բնույթ են կրում: Նա իմ ամենալուրջ քննադատն է: Եթե նույնիսկ ես մեկ խաղի ընթացքում 10 գոլ էլ խփեմ, նա կհիշի, որ լավ դիրքից 11-րդը չեմ խփել: Նրա քննադատություններն ինձ շատ են օգնում ամեն ինչին սթափ նայել և երբեք չթուլանալ:
- Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական հարձակվողը:
- Թիմը պետք է վստահ լինի, որ առջեւում մարդ կա, ում կարելի է վստահել: Նրանից միայն գոլեր խփել չի պահանջվում, այլև պահել գնդակը երբ հարկն է, որպեսզի թիմակիցները կարողանան կազմակերպվել կամ մրցակցի խաղադաշտում պաշտպանողական գործողություններ իրականացնեն: Ըստ իս, հարձակվողից է կախված թիմի մարտական ոգին:
- Բոլորն էլ իրենց ֆուտբոլային կուռքերն են ունեցել: Իսկ դու՞:
- Իմ առաջին կուռքը, երբ դեռ փոքր էի, եղել է հարավսլավացի հարձակվող Պրեդրագ Միյատովիչը, հետո Ռոնալդոն ու Թիերի Անրին: Երբ ես նոր էի սկսում խաղալ պրոֆեսիոնալ մակարդակով, փորձում էի ամեն ինչ անել Անրիի նման: Ինչ որ պահի դա ստացվում էր, բայց գալիս է մի պահ, որ կրկնօրինակելուց հետո մտածում ես ստեղծել քո ուրույն ոճը, որում` ըստ իս, ես ինչ-որ բան արել եմ:
- Դու հիմա շատ հայ տղաների համար հերոս ես: Պատասխանատվությունը չի ճնշու՞մ:
- Այդպիսի պատասխանատվության համար ես միայն ուրախ եմ: Դա ուղղակի հիանալի է, որ մեր երկրում պատանիները ցավում են ոչ թե Իբրահիմովիչի կամ Մեսսիի համար, այլ իրենց հայրենակիցներին են աջակցում: Դա շատ կարևոր է, քանի որ մենք միայն էկրաններից երևացող դեմքեր չեն, այլ կերպ ասած մենք էլ ենք անցել այն իրավիճակներով, ինչպես հանրահայտ ֆուտբոլիստները, դա օրինակ է, որ կյանքում անհնարին ոչինչ չկա: Ուղղակի պետք է առաջ գնալ, բառապաշարից հանել «անհնար» է բառը: Գիտեք, ես հաճախ տարբեր մարդկանցից լսում էի, որ ես ֆուտբոլում անելիք չունեմ, որ ես ոչնչի չեմ հասնի: Բայց յուրաքանչյուր նմանօրինակ խոսակցություն ինձ ավելի էր տրամադրում, որպեսզի ես հակառակն ապացուցեմ: Եթե դուք կամքի ուժ ունեք, ապա ամեն ինչի էլ կարող եք հասնել: Կարևոր չէ, ֆուտբոլ եք խաղում, զբաղվում եք ատլետիկայով, թե ցանկանում եք դառնալ իրավաբան կամ բժիշկ:
- Իսկ դու քո առջև ի՞նչ նպատակներ ես դնում:
- Ես դեռ շատ բան պետք է ապացուցեմ, առաջին հերթին ինքս ինձ: Ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստ, այնպես էլ ես, դեմ չեմ ուժերս փորձել եվրոպական գրանդ ակումբերից մեկի կազմում, օրինակ Լոնդոնի «Արսենալում» կամ Մադրիդի «Ռեալում»: Իմիջայլոց, ժամանակին ես կարող էի խաղալ «զինագործների» կազմում: Ես 15 տարեկան էի, երբ ինձնով «Արսենալը» հետաքրքրվել էր: Բայց ես թղթերի հետ կապված խնդիրներ ունեի և չկարողացա մեկնել Անգլիա և փորձաշրջան անցնել: Խոստովանում եմ, որ այդ ամենը վերապրելը շատ բարդ էր, քանի որ անչափահաս էի, ով փառքի մասին էր երազում: Բայց դա անցավ, ես սկսեցի շարունակել ինձ վրա աշխատել:
- Արդեն մեկ տարուց ավել է, ինչ խաղում ես ռուսական Պրեմիեր լիգայում: Ինչպե՞ս հարմարվեցիր:
- Հեշտ չէր: Միակ խնդիրը իմ ռուսերեն չիմանալն է: Հիմա ես ավելի մոտ եմ Հայաստանին, հենց Կրասնոդարում շատ հայեր են ապրում: Բացի այդ, քաղաքի մյուս թիմում խաղում են իմ երեք ընկերները՝ Դավիթ Մանոյանը, Մարկոս Պիզզելլին և Արազ Օզբիլիզը: Ինչպես տեսնում եք լավ խումբ ենք: Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ապա ռուսական առաջնությունը տարեցտարի նոր թափ է հավաքում, և պայքարն այստեղ առանձնահատուկ է, որը առաջնությունն ավելի հետաքրքիր է դարձնում, օրինակ Իսպանիայում առաջին երկու տեղերից հետո 8-9 միավորանոց տարբերություն կա: «Կրասնոդարն» այս տարի ամեն ինչ պետք է անի ուժեղագույնների խմբում հայտնվելու համար:
- Իսկ քեզ համար սկզբունքային մրցակիցներ կա՞ն:
- Ամեն անգամ, երբ խաղադաշտ եմ դուրս գալիս, մտածում եմ, որ պետք է գոլեր խփեմ: Իսկ թե ով է մրցակիցը, ինձ համար նշանակություն չունի, լինի դա «Լոկոմոտիվը», «Սպարտակը», Մալթայի հավաքականը, իտալացիները, թե իմ ընկերների բակի թիմը:
- Շուտով կսկսվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը: Այս խումբն է ավելի ուժե՞ղ, թե նախորդը:
- Այս խմբում մրցակիցներն ավելի ուժեղ են, բայց դա ավելի հետաքրքիր է, բացի այդ մենք էլ տեղում չենք դոփում, մենք ավելի փորձառու ենք դարձել: Ռուսաստանի և Իռլանդիայի խաղերի դեմ թույլ տված սխալները այս հավաքականը այլևս չի կրկնի:
- Առաջին տնային հանդիպմանը Երևանում կընդունեք Եվրոպայի փոխչեմպիոններին: Սեփական պատերի գործոնն այսպիսի խաղերում օգնու՞մ է:
- Որքան էլ սովորական չհնչի, բայց իրոք դա տրամադրում է մեզ ամենաբարձր արդյունքները գրանցել: Լեփլեցուն մարզադաշտի մթնոլորտը, մարդկանց աջակցությունը, որը դու համարյա թե ֆիզիկապես ես զգում, երկրպագուների դեմքերը խաղից առաջ և հետո, դա արդեն ամեն ինչ է: Այնպես որ, իտալացիների համար «Հրազդանում» հեշտ չի լինելու: Դա փոխանցեք Բուֆֆոնին: