12.11.2018 14:55

Ովքեր եւ ինչպես են մասնակցելու արտահերթ ընտրություններին

Ովքեր եւ ինչպես են մասնակցելու արտահերթ ընտրություններին

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ներքաղաքական խճանկարը վերադասավորվում է: Մի շարք քաղաքական ուժեր արդեն հայտարարել են ընտրություններին իրենց մասնակցության մասին: Նախկին դաշինքները քանդվել են, նորերն են կազմավորվել:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժն, արդեն հայտնի է, որ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով: Շատ մանրամասներ այդ դաշինքում ներկայացված ուժերի եւ անձանց մասին դեռ հայտնի չեն, այս պահին հայտնի է միայն, որ Փաշինյանի կառավարության անդամներն ու նրա ուժի ներկայացուցիչ պատգամավորները ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն որպես թեկնածուներ:  

ԲՀԿ-ն կմասնակցի ընտրություններին: Այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ընտրական ցուցակը կգլխավորի հենց ինքը: Այդ կուսակցության որոշ հայտնի ներկայացուցիչներ արդեն հայտարարել են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մտադրության մասին: Օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանը առաջադրվելու է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Առայժմ, սակայն, վերջնական չի հայտարարվել՝ դա կլինի ԲՀԿ ցուցա՞կ, թե՞ ԲՀԿ-ն դաշինքով կմասնակցի ընտրություններին, ինչպես, օրինակ, 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցեց «Ծառուկյան» դաշինքով:

ՀՀԿ-ականները եւս որոշել են, որ կմասնակցեն ընտրություններին: Հանրապետականների ցուցակը գլխավորելու է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Ընդ որում՝ հանրապետականները որոշել են, որ իրենց ցուցակում ընգրկված անձինք պետք է առաջադրվեն նաեւ ռեյտինգայինով: Ի դեպ, նախկին ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը, որը 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի դեմ ստորագրահավաք անցկացնելու հեղինակն էր, եւ 2013-ին Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության ակտիվ քննադատներից, հայտարարել է, թե ՀՀԿ ցուցակում է լինելու, մի կուսակցության, որը սատարում է Քոչարյանին, եւ որը, փաստորեն, Հայաստանը դարձրել է ԵԱՏՄ անդամ: 

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն արդեն նոր դաշինք է կազմել: «Մենք» կոչվող դաշինքը ձեւավորել են «Հանրապետությունն» ու Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ Սարգսյանը 2017-ի Աժ ընտրություններին մասնակցել էր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» եւ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ ձեւավորված «ԵԼՔ» դաշինքով: Սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Հանրապետությունն» ու ԼՀ-ն էին միասին մասնակցում՝ «Լույս» դաշինքով: Եւ ահա, Սարգսյանը նոր դաշինքի մեջ է: Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների՝ այդ դաշինքում ներգրավված կլինի նաեւ «Վեդի Ալկո»-ի սեփանակատեր, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը:

Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է առանձին, ցուցակն էլ գլխավորելու է ինքը Մարուքյանը:

«Սասնա Ծռերը» եւս հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին: Որոշ քաղաքագետներ ու գործիչներ, որոնք դեռ 2016-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պաշտպանել էին «Ծռերի» քայլը, այսօր հայտարարում են, որ կամ աջակցելու են այդ ուժին, կամ նրանց ցուցակում են լինելու:

Դաշնակցությունը հայտարարել էր, թե դեմ է ԱԺ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, բայց՝ կմասնակցի: Թե ով է գլխավորելու այդ կուսակցության ցուցակը՝ հայտնի չէ:

«ժառանգությունը» հայտարարել էր, թե անպայման մասնակցելու է ընտրություններին, սակայն ձևաչափն են ճշտում: Սկզբում նրանք հույս ունեին դաշինք կազմել Նիկոլ Փաշինյանի հետ: Բայց քանի որ վերջինս այդպես էլ չարձագանքեց այդ կուսակցության կոչին, հիմա նրանք մասնակցության կամ դաշինքի այլ ձեւաչափեր են փնտրում:

Հայ ազգային կոնգրեսը դեռ պաշտոնապես չի հրապարակել իր որոշումը: Դեռ հայտնի չէ՝ կմասնակցի՞ Կոնգրեսը ԱԺ արտահերթ ընտրություններին, թե ոչ: