12.11.2018 15:47

Պուտինը դրական է գնահատել համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարը

Պուտինը դրական է գնահատել համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկը՝ համաեվրոպական բանակ ստեղծելու վերաբերյալ: Նա նշել է, որ դա կնխաստի բազմաբևեռ աշխարհի ամրապնդմանը:

«Ինչ վերաբերում է այլընտրանքային զինված ուժերին, ապա դա նոր գաղափար չէ: Այժմ նախագահ Մակրոնը վերակենդանացրել է այդ գաղափարը: Բայց դրա մասին ինձ ասել է դեռևս Ֆրանսիայի մեկ այլ նախագահ՝ Ժակ Շիրակը: Բայց այդ գաղափարը նրանից էլ առաջ է եղել»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նշել է, որ «Եվրոպան հզոր տնտեսական միավորում է, հզոր տնտեսական միություն, և ընդհանուր առմամբ՝ միանգամայն բնական է, որ նրանք պաշտպանության և անվտանգության ոլորտում ուզում են լինել անկախ, ինքնաբավ, ինքնիշխան»:

Նախորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր twitter-յան էջում գրել էր, որ Մակրոնի հայտարարությունը եվրոպական բանակ ստեղծելու վերաբերյալ «չափազանց վիրավորական է»:

Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Եվրոպային անհրաժեշտ է ունենալ միացյալ բանակ, որը կախված չի լինի ԱՄՆ-ից: «Ռուսաստանի գործողությունների ֆոնին, որը մեր սահմանների մոտ է և ցույց է տվել, որ կարող է սպառնալ մեզ…, անհրաժեշտ է այնպիսի Եվրոպա, որը կարող է ինքնուրույն պաշտպանվել և կախված չլինել ԱՄՆ-ից»,- նշել էր Մակրոնը: Նա Եվրոպային կոչ էր արել ապահովել պաշտպանություն «Չինաստանից, Ռուսաստանից և նույնիսկ ԱՄՆ-ի գործողություններից»՝ այդ համատեքստում հիշեցնելով Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալը: «Ո՞վ ամենից շատ կտուժի դրանից. Եվրոպան և նրա անվտանգությունը»,- ընդգծել էր Մակրոնը:

Փոխանցում է Interfax-ը: