13.11.2018 11:36

Արսեն Գրիգորյան. ՀՀԿ-ի օրոք կոռուպցիա եւ կաշառակերություն չի եղել

Արսեն Գրիգորյան. ՀՀԿ-ի օրոք կոռուպցիա եւ կաշառակերություն չի եղել

ՀՀԿ-ն խելքի չի գալիս: Երկու օր առաջ տարածած հայտարարության մեջ կուսակցությունն իր ամենամեծ սխալներից մեկն է համարում այն, որ տարածքային կառույցների հետ կապն ուժեղ չէր: «Թուլացավ կուսակցության գաղափարաքարոզչական աշխատանքը…»:

Գրողը տանի: Էս նախադասությունը գրողը քանի՞ տարով է երիտասարդ Անաստաս Միկոյանից: Էս նախադասությունը գրողի պորտը ոչ թե կոմունիստ է կտրել, այլ անձամբ Լենինի բոլոր հատորների առաջին հրատարակության խմբագիրը: Ի՞նչ «գաղափարաքարոզչական աշխատանք», ընկերներ: ՀՀԿ-ն ուղղակի թքած ուներ ժողովրդի վրա: Ենթադրենք՝ ուժեղ էր կուսակցության ղեկավար կազմի կապը տարածքային կառույցների հետ, դրանից ժողովուրդը շահելու՞ էր: Դուք ինչու՞ եք հայտարարության տեքստ հրապարակում, որտեղ իրականության հետ ձեր կապը ոչնչով չի փոխվել 6 ամիս առաջ ունեցած կապից: Ի՞նչ տարածքային կառույցներ: Ձեզ ժողովուրդն էր ատում, ոչ թե «տարածքային կառույցները»: Նրանք ի՞նչ կարող էին անել:

Դուք մինչեւ հիմա կարծում եք, որ խորհրդարանը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ: Դուք նույնիսկ չգիտեք, որ այնտեղ խորհրդարան չկար: «Չնայած որոշ հաջողություններին՝ հնարավոր չեղավ արմատախիլ անել կաշառակերությունն ու կոռուպցիայի այլ դրսեւորումները»,-գրված է հայտարարության տեքստում: Լսեք, ձեր օրոք կոռուպցիա եւ կաշառակերություն չի եղել, որովհետեւ դրանից բացի այլ բան չի եղել: Ձեր օրոք ընտրություններ չեն կեղծվել, որովհետեւ այլ ընտրություն ուղղակի չգիտեինք, բացի կեղծված ընտրություններից:

Մանկատներում երեխաների մի խումբ կա, որը «մայր» բառը չգիտի: Ինքը չի կարող ասել, թե դա ինչ է: Որովհետեւ չի տեսել: Մարտի 8-ին ինքն ավելի ռոբոտ է, քան, ասենք, Ուսուցչի օրը: Իսկ ուսուցիչ տեսել է, կարող է տարբերել լավ ուսուցչին վատից: Երեխաների էդ խումբը միայն մայրերին ուղղված սիրո բնազդը չունի: Ճիշտ այդպես, Հայաստանը ժողովրդավարական ընտրություններ չի տեսել, արդար դատաքննություն չի տեսել, անկաշառ քաղաքապետ չի տեսել: Հասկանու՞մ եք: Իսկ դուք խոսում եք արմատախիլ չեղած կոռուպցիայից: Եվրոպան ձեզ չէր կարողանում համոզել, որ կոռուպցիայի անկախ հանձնաժողովի նախագահը չի կարող վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը լինել: Սվիտալսկին անձամբ է ասել սա: Իսկ դուք ոչ թե համաձայն չէիք, դուք նույնիսկ չէիք քննարկում Եվրոպայի տարակուսանքը:

«Շարունակում են խնդրահարույց մնալ երկրի ժողովրդագրական ցուցանիշները…»: Կես տարում ուզում էիք, որ ՀՀ բնակչությունը հասնի 4 միլիոնի՞: Դուք, ի դեպ, որտեղի՞ց նայելով եք ժողովրդագրության ցուցանիշները համարում խնդրահարույց: Վերջին 10 տարում պաշտոնական տվյալներով կես միլիոն մարդ է արտագաղթել, ձեզ ո՞ր երկրի ժողովրդագրության ցուցանիշներն են մտահոգում: Ընկերներ, այսպես չի կարելի: Դուք առաջին քաղաքական ուժն եք, որը հրապարակավ ծաղրում է ինքն իրեն, որի հայտարարության մեջ գրեթե հենց այդպես էլ կարդում ենք՝ մենք ծիծաղելի ենք: Դուք հայտարարությունը գրել եք մանկուրտների համա՞ր: Եվ մանկուրտներից էլ քվե՞ եք ակնկալելու: Ոչ միայն Հայաստանում, այլ նույնիսկ աշխարհի մյուս երկրներից որու՞մ եք գտնելու էդ մանկուրտներին: Ընկերներ, ձեր հայտարարությունը իմաստ կունենար 30 դար առաջ, երբ հիշողության միակ փոխարկիչը նույնիսկ ժայռապատկերները չէին: Իսկ հիմա նույնիսկ երեխան կարող է համացանցով պատմել, թե ձեր իշխանությունն ինչ է արժեցել իր մանկության եւ ընդհանրապես բարության ու սիրո ընկալման վրա: Էդ երեխայի մասին մտածեիք հայտարարություն գրելիս: Նա դեռւես ձեր հանդեպ ամենաքիչ չարացած ընդդմիախոսն է: