Նավալնուն արգելել են մեկնել արտասահման

Ալեքսեյ Նավալնիին արգելել են Ռուսաստանից մեկնել արտասահման:
Այդ մասին ընդդիմադիր քաղաքական գործիչը տեղեկացրել է սոցցանցերի իր էջերում:
Նավալնին պատմել է, որ իրեն կանգնեցրել են օդանավակայանի անձնագրային հսկողության կետում «հատուկ ստուգողական միջոցառումներ անցկացնելու» համար, այնուհետև ընդդիմադիր գործչին ծանուցում են հանձնել, որում ասվում է, որ նրա ելքը երկրից փակել է դատական կատարածուների ծառայությունը: Ընդ որում՝ պատճառը նշված չի եղել:
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը չմուծված տուգանքներ չունի, «կան միայն առկախված գործադիր վարույթներ, բոլորը՝ ոչ նյութական բնույթի»:
Նավալնին մեկնում էր Ստրասբուրգ, 2012-2014 թթ. ընթացքում իր ձերբակալությունների, կալանքների և վարչական խախտումների համար մեղավոր ճանաչվելու վերաբերյալ գանգատի կապակցությամբ մասնակցելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հրապարակմանը: Հայցադիմումում ընդդիմադիր գործիչը պնդում է, որ այդ բոլոր գործողությունները քաղաքական դրդապատճառներ են ունեցել:
Փոխանցում է euronews-ը: