13.11.2018 12:45

Ինչ կոշիկներ են նախընտրում հագնել առաջին տիկնայք

Ինչ կոշիկներ են նախընտրում հագնել առաջին տիկնայք

«Թեև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները Փարիզ էին եկել մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, առաջին տիկնայք իրենց «ճակատամարտն» էին մղում՝ ում կոշիկի կրունկներն են ավելի բարձր»,- գրում է Times-ը:

Ելիսեյան պալատում միջոցառման համար Մելանյա Թրամփն ընտրել էր 12 սանտիմետրանոց կրունկով կոշիկներ Christian Louboutin-ից: Սակայն Բրիժիտ Մակրոնի կապույտ կոշիկների կրունկներն իրենց երկարությամբ պակաս չէին:

Մելանյա Թրամփը վաղուց է հայտնի բարձրակրունկ կոշիկների հանդեպ իր թուլությամբ: ԱՄՆ առաջին տիկնոջը բազմիցս քննադատել են այն բանի համար, որ բարձր կրունկները միշտ չէ, որ տեղին են: Անցյալ տարի նա «Հարվի» փոթորկի ժամանակ Թեքսասում էր հայտնվել բարձրակրունկ կոշիկներով, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել սոցցանցերում: Մելանյան մինչև իսկ Սպիտակ տան պարտեզում ծառ էր տնկում բարձրակրունկներով:

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման չէր սիրում բարձրակրունկ կոշիկներ և միշտ գերադասում էր փոքր կրունկներով կոշիկ հագնել: Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը՝ լրագրողուհի Վալերի Տրիերվեյլերը, ընդհակառակը, բարձրակրունկի սիրահար էր:

Շատ նախագահների կանայք երբևէ չեն փորձել աչքի ընկնել կոշիկի կրունկների շնորհիվ:

Փոխանցում է BBC-ն: