13.11.2018 13:15

Աշխատելու ենք բաց աչքերով ու ականջներով. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար. Արմենպրես

Աշխատելու ենք բաց աչքերով ու ականջներով. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար. Արմենպրես

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստանում են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի՝ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք որևէ նախնական դիրքորոշում չունեն ընտրությունների արդյունքների հետ կապված:

«Մենք այստեղ ենք ոչ թե քննադատելու, այլ դիտարկելու համար: Մենք որևէ քաղաքական օրակարգ չունենք, այստեղ ենք՝ դիտարկելու ընտրական գործընթացը: Մենք հետևելու ենք այն նույն ստանդարտներին, որը կիրառում ենք ԵԱՀԿ ցանկացած երկրում կազմակերպվող ընտրության ժամանակ»,-ասաց նա:

Գաչեկը նշել է, որ դիտորդական առաքելությունը տեղյակ է, որ Ազգային ժողովը չի ընդունել ընտրական օրենսգրքի փոփոխությունները: «Մենք գործ ենք ունենալու այն օրենքի հետ, որը հիմա գործում է: Մեր թիմը նախախնամություն չունի: Մենք աշխատելու ենք բաց ականջներով և աչքերով, և արձանագրելու ենք այն, ինչ տեսնելու ենք»,-ասել է Գաչեկը: