13.11.2018 15:19

Թուրքիան վեց երկրների տրամադրել է Հաշոգիի սպանության ձայնագրությունը

Թուրքիան վեց երկրների տրամադրել է Հաշոգիի սպանության ձայնագրությունը

Թուրքական իշխանությունները Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Կանադային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային է տրամադրել սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության ձայնագրությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ովքեր խնդրել էին՝ լսել են այդ սպանության ձայնագրությունը: Մեր հետախուզական ծառայությունը ոչինչ չի թաքցրել: Ժապավենի պարունակությունն իսկական ողբերգություն է: Նույնիսկ սաուդյան հետախուզության սպան էր ցնցված, երբ լսեց այդ ձայնագրությունը: Ինչպես նա ասաց՝ այդ տղան (մարդասպանը), հնարավոր է՝ հերոին է օգտագործել, որովհետև միայն այդպես է հնարավոր նման բան անել»,-Փարիզից վերադառնալիս օդանավում  լրագրողներին պատմել է Էրդողանը: Նրա խոսքը մեջբերում է Hurriyet-ը:

Ըստ Էրդողանի՝ «Թուրքիան համբերատար կերպով սպասում է», թե սաուդյան կողմը երբ լույս կսփռի այս հանցագործության վրա, թեպետ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ-Մուաջիբը խոչընդոտում է հետաքննությանը:

Էրդողանը նշել է, որ հանցագործությանը մասնակից են եղել սաուդցի 18 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հատուկ ուղարկվել են Ստամբուլ լրագրողի սպանության օրը: «Այդ 18-ի մեջ, անկասկած, կան հանցագործներ: Է՞լ ով: Նա, ով հրաման է տվել: Բացի կատարողներից՝ պետք է պարզվի նաև հրաման արձակողը»,- ասել է Էրդողանը:

Փոխանցում է ria.ru-ն: