14.11.2018 09:00

Յան Օբլակ. «Հաճելի է լսել, որ ես լավագույններից մեկն եմ աշխարհում»

Յան Օբլակ. «Հաճելի է լսել, որ ես լավագույններից մեկն եմ աշխարհում»

Երրորդ անգամ «Զամորայի» մրցանակին արժանանալուց հետո Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ շատ երջանիկ է, որ կարողանում է երրորդ անգամ արժանանալ պատվավոր մրցանակին և ընթացիկ մրցաշրջանում հույս ունի ավելի շատ թիմային մրցանակներ նվաճել, քան անհատական:

-Շատ հաճելի է լսել, թե ինչպես են ինձ դասում աշխարհի լավագույն դարպասապահների շարքին: Հենց դրա համար եմ ես աշխատել տարիներ շարունակ և կշարունակեմ, դա ինձ ուժ է տալիս,- ասել է Օբլակը:

Օրեր առաջ «Ատլետիկոն» կամային հաղթանակ տարավ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ տնային մրցավեճում և առաջատար«Բարսելոնայից» միավորների տարբերությունը հասցրեց նվազագույնի: Այս առիթով Օբլակն ասել է:

-Ընթացիկ մրցաշրջանում մրցակցությունը մեծ է: Դա շատ լավ է և ավելի է հետաքրքրում երկրպագուներին: Հույս ունեմ լարված պայքարը կշարունակվի մինչև մրցաշրջանի ավարտը: Ամեն տարի մեզանից մեր երկրպագուները նոր տիտղոսներ են սպասում և այս տարի հույս ունեմ, որ մենք կարդարացնենք նրանց սպասելիքները,- հույս է հայտնել Օբլակը:

Վերջում Օբլակը անդրադարձել է իր գրանցած ռեկորդներին: Հիշեցնենք, որ սլովենացի դարպասապահը «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 179 խաղում ընդհանուր առմամբ բաց է թողել 116 գոլ և անցկացրել է 100 «չոր» հանդիպում:

- Դա միայն իմ շնորհքը և արդյունքը չէ, նաև ողջ թիմի աշխատանքն է: Շնորհակալ եմ իմ խաղընկերներին և մարզչին, որոնց օգնությամբ ես գրանցել եմ այդ անհավանական արդյունքները,- եզրափակել է Օբլակը: