13.11.2018 17:34

Միկրոբիզնեսը կազատվի հարկերից. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է, որ կառավարությունը որոշել է սահմանել մի այսպիսի նոր հասկացություն՝ միկրոբիզնես, որն ընդհանրապես ազատված կլինի բոլոր հարկերից:

«Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամ շրջանառության շրջանակում՝ մինիմում շեմը 20 մլն դրամ կլինի, մաքսիմումը՝ 24 մլն դրամ, այդ մարդիկ չեն վճարի ոչ մի հարկ: Իհարկե, մենք դեռ քաղաքական քննարկումների մեջ ենք, դեռ հաշվարկների և քննարկումների փուլ է: Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն՝ ոլորտների հետ կապված, կլինի նաև գոտիականության խնդիր, և մենք այս քաղաքականությամբ կփորձենք խրախուսել հատկապես մարզերում տնտեսական գործունեությունը»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև 3 աշխատող ունենալու պարագայում աշխատողների համար եկամտահարկի բոլորովին ուրիշ ռեժիմ կգործի, այսինքն՝ նրանք կհարկվեն ոչ թե աշխատավարձի 23 տոկոսի չափով, ինչպես մյուսները, այլ ուղղակի 5000 դրամ հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը: