14.11.2018 15:13

Լիզա Ճաղարյան. «Մարդ ա՞ վատացել»

Լիզա Ճաղարյան. «Մարդ ա՞ վատացել»

Չէ, ա՛յ ժողովուրդ ջան։ Ու՜ր էր թե։ Մեկ մարդու ուշքի բերելը դժվար բան չէ։ «Վատացել է» մի ողջ կուսակցություն, եւ խնդիրն այն չէ, որ սրան ուշքի բերել հնարավոր չէ։ Պարզապես լրջորեն կշռադատել է պետք՝ իսկ արժե՞ որ։ Գուցե թողնենք՝ իր բնական ընթացքով փտի ու վերանա՞ այս հաստակաշի գոյացությունը։

Եթե նախկինում այս կուսակցությունից մի քանի հոգի էին իրենց անհեթեթ դատարկաբանություններով ու «ասույթներով» հասարակությանը զվարճացնում, իշխանությունը կորցնելուց հետո ո՛րը պատահի՝ էդ օրին է։

Պարտադիր չէ հոգեբան կամ հոգեբույժ լինել՝ տեսնելու եւ հասկանալու համար, որ իշխանությունը կորցրած ՀՀԿ-ի հատկապես աննկուն «կոմսոմոլական» թեւի հոգեվիճակը մտահոգիչ է։ Զորօրինակ՝ իշխող կուսակցության ներկայացուցչի կարգավիճակում Շարմազանովի դեմքի մկանները չէին շարժվում։ Այս պարոնը ռոբոտի նման մոտենում էր ամբիոնին կամ լրագրողների խմբին, ռոբոտի նման կրկնում էր հերթական լպրծուն բաժակաճառն իր թանկագին եւ «անփոխարինելի» շեֆի մասին, հետո հասարակությանն ահաբեկում էր, որ ՀՀԿ-ն առնվազն կես դար դեռ իշխելու է Հայաստանում, կրկնում էր շուտասելուկի պես՝ «մեռնեմ օրենքին», եւ շտապում էր տաքանալու օրինախախտության ու անթիվ հանցագործությունների առաջամարտիկ ՀՀԿ-ի ծոցում։

Իշխանությունը կորցնելուց հետո Շարմազանովի ձայնն էլ է անկառավարելի դարձել, դեմքն էլ է զվարճալիորեն ծամածռվում, նույնիսկ հնազանդ ձեռքերն արդեն չեն ենթարկվում տիրոջը, քիչ է մնում դիմացինի աչքերը հանեն։ «Անպարտելի» կուսակցության հլու կամակատար ձայնափողը նոր իրավիճակում է հայտնվել ու անկառավարելի է դարձել։ Խոսքը մտքից առաջ է ընկնում։ Իսկ թե ինչ է պատահում նման իրավիճակում, Հայաստանի հասարակությունը տեսնում ու լսում է ամեն օր. Շարմազանովն ու ՀՀԿ-ական մնացած շարմազանովները մրցում են իրար հետ, թե իրենցից ո՛ր մեկն ավելի լավ կզվարճացնի հասարակությանը՝ հերթական անհեթեթությունը «բլթացնելով»։

Հավանաբար, ինչ-որ մեկը չար կատակ է արել ու սրանց ականջին շշնջացել է, թե՝ շարունակեք ինքնավստահ ձեւանալ, շարունակեք պոռոտախոսել, արդարության ու ժողովրդավարության մասին որոտընդոստ ճառեր ասեք, ու մեկ էլ տեսար՝ հասարակությունը հիպնոսացավ ու մոռացավ տասնյակ տարիներ ձգված ձեր չարագործությունները։ Դե, սրանք էլ լուրջ են ընդունել այդ չար կատակը, ու հիմա ունենք չկայացած վոլֆմեսսինգների մի զավեշտալի խմբակ, որին իրոք կարելի էր սրտանց խղճալ, եթե իրենք բեմում լինեին, իսկ հասարակությունն էլ՝ ընդամենը հանդիսատես։ Բայց սրանք ներկայացնում են մի կուսակցություն, որի իշխանության տարիներին Հայաստանը տեսել ու ապրել է հնարավոր ու անհնարին բոլոր չարագործություններն ու նվաստացումները, եւ ստիպված ենք այս նորօրյա «շամաններին» հիշեցնել, թե իրենք ինչ են ու ինչքան արժեն։

Հիպնոսի հերթական սեանսը մատուցեց «մեսսինգ» Վիգեն Սարգսյանը։ «Ընտրությունները չեն կարող եւ չպետք է լինեն անցյալի մասին», - «հրովարտակել» է երկար տարիներ Սերժիկ Սարգսյանին անմռունչ ծառայած եւ հայացքը պայծառ ապագային հառած այս պարոնը։

Անտեսենք այս պարոնի կտրական տոնը, «ըմբռնումով մոտենանք»՝ երկար տարիներ անպատիժ իշխել են Հայաստանում, դեռ նոր պայմաններին չեն հարմարվել։ Դեռ չեն գիտակցում, որ իրենք լուսանցքում հայտնված անորոշ-անկատար գոյացություն են այլեւս, եւ այս կարգի մեծամիտ հրահանգներն ընդամենն ավելացնում են հասարակության զայրույթն ու արհամարհանքն իրենց նկատմամբ։ Դեռ չեն ուզում համակերպվել այն իրողությանը, որ եթե նույնիսկ հրաշք պատահի ու բացարձակ ճշմարտություն հնչի ՀՀԿ-ական «մեսսինգների» բերանով, պատասխանը միայն քմծիծաղ ու հեգնանք է լինելու, որովհետեւ այդ ճշմարտությունն ասելու իրավու՛նքն էլ պետք է վաստակել, իսկ իշխանազրկված ՀՀԿ-ի ամենօրյա ռեժիմով պոռոտախոսություններն ընդամենը ավելի ու ավելի են հաստատում, որ այս կուսակցության միակ եւ արժանի հանգրվանը պատմության աղբանոցն է, ՀՀԿ-ականների շռայլորեն բուծած հանցագործների տեղն էլ՝ բանտը։

Մոռանա՞նք անցյալը, պարոն Վիգեն։ Չէ, շեֆիդ պես չեմ պատասխանի՝ իաաա, իրո՞ք։ Կպատասխանեմ Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» վեպի այս հատվածով. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում։ Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես – հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»։

Արժե՞ մեկնաբանել։

Չարժե։ Հե՛նց ՀՀԿ-ականներն են իրենց որդեգրած կեցվածքով հուշում, թե իրենց ոնց «ջոկենք»։