15.11.2018 12:30

Тata Steel Chess India. Արոնյանը 3-րդն է կայծակնային շախմատի մրցաշարում

Тata Steel Chess India. Արոնյանը 3-րդն է կայծակնային շախմատի մրցաշարում

Հնդկաստանի Կոլկաթա քաղաքում ավարտվեց շախմատի Тata Steel Chess India մրցաշարը, որի 10 մասնակիցներն իրենց հարաբերությունները պարզեցին արագ և կայծակնային շախմատի մրցախաղերում:

Կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ շրջանի հանդիպումներում բավական թեժ մրցապայքար էր ծավալվել հաղթողի կոչման համար: Բավական է նշել, որ մրցաշարի ավարտից 2 տուր առաջ 11-ական միավորով գլխավոր մրցանակին հավակնում էին Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան և Վիշվանաթան Անանդը:

Նախավերջին՝ 17-րդ տուրում  Անանդն ու Նակամուրան հաղթեցին, իսկ Արոնյանը հաշտություն կնքեց  Սերգեյ Կարյակինի հետ: Ամեն ինչ պետք է որոշեր ավարտական տուրը, որում Արոնյանը սպիտակներով խաղալու էր Անանդի հետ, իսկ Նակամուրան մրցելու էր Պրագնանանդհաա Ռամեշբաբուի հետ:

Արոնյանն ու Անանդը 39-րդ քայլին հաշտություն կնքեցին, քիչ անց նրանց օրինակին հետևեց նաև Նակամուրան:

Այսպիսով, Նակամուրան ու Անանդը վաստակեցին 12,5-ական միավոր՝ ստանալով 5750-ական դոլար պարգևավճար: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց Նակամուրան: Իսկ Արոնյանը 12 միավորով գրավեց 3-րդ տեղը՝ պարգևատրվելով 3 հազար դոլարով:

Արոնյանը 2-րդ շրջանը սկսել էր Գուջրաթի Վիդիթի և Պրագնանանդհաա Ռամեշբաբուի նկատմամբ տոնած հաղթանակներով: Հետագայում նա պարտության մատնեց նաև Պենտալա Հարիկրիշնային և Շահրիյար Մամեդյարովին, հաշտություն կնքեց Հիկարու Նակամուրայի, Սուրյա Գանգուլիի և Ուեսլի Սոյի հետ:

Հիշեցնենք, որ արագ շախմատի մրցաշարում Արոնյանը զբաղեցրել էր 2-րդ տեղը և պարգևատրվել էր 4,5 հազար դոլարով: Իսկ հաղթող էր ճանաչվել  Հիկարու Նակամուրան՝ արժանանալով 10 հազար դոլար դրամական մրցանակի: