15.11.2018 13:25

Զավեն Անդրիասյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Զավեն Անդրիասյանը նվաճեց գլխավոր մրցանակը
Զավեն Անդրիասյանը հաղթող ճանաչվեց ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի B խմբում՝ արժանանալով 4000 դոլար դրամական մրցանակի: Նա 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր: Նույնպիսի արդյունքի էր հասել նաև Իսրայելը ներկայացնող Վիկտոր Միխայլևսկին:

Մրցակարգի համաձայն հաղթողին որոշելու համար նրանց միջև լրացուցիչ մրցախաղ անցկացվեց, որում 2-1 հաշվով հաղթեց Անդրիասյանը: Զավենը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 2 հաղթանակ, 7 պարտիա ավարտելով ոչ-ոքի:

Մրցաշարում հաջող հանդես եկավ նաև Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, ով 5 միավորով զբաղեցրեց  3-րդ հորիզոնականը՝ պարգևատրվելով 2000 դոլարով:

A խմբի մրցաշարում Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակած 5 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով նույնպիսի արդյունք ցույց տված Ջեֆրի Սյունին և Սամուել Սևյանին: Հրանտը պարգևատրվեց 3000 դոլարով: Նա 2 միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, կուբացի շախմատիստ Յունյեսկի Կեսադա Պերեսից, ով ստացավ 6000 դոլար: Հրանտը մրցաշարում 2 պարտություն կրեց՝ զիջելով Ջեֆրի Սյունին և Պերեսին:

Սամուել Սևյանը 5 միավորով գրավեց 5-րդ տեղը՝ պարգևատրվելով 1500 դոլարով: Հետաքրքիր է, որ միակ պարտությունը Սևյանը կրեց Հրանտ Մելքումյանից, այլապես նա կդառնար 2-րդ մրցանակակիր: