15.11.2018 15:24

Մակրոնը՝ Թրամփին. «Ֆրանսիան ոչ թե ԱՄՆ-ի վասալն է, այլ դաշնակիցը»

Մակրոնը՝ Թրամփին. «Ֆրանսիան ոչ թե ԱՄՆ-ի վասալն է, այլ դաշնակիցը»

Ֆրանսիան և ԱՄՆ-ը դաշնակիցներ են արդեն ավելի քան երկու հարյուր տարի, բայց դաշնակցային հարաբերությունները չեն նշանակում, թե Ֆրանսիան պատրաստ է լինել ԱՄՆ-ի վասալը: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է TF 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ֆրանսիայի առաջնորդը աշխատել է խուսափել Դոնալդ Թրամփի twit-ների տարափին ուղիղ պատասխանելուց, որոնցում ԱՄՆ առաջնորդը Մակրոնին «ի ցույց» է դնում նրա մի շարք հայտարարությունների համար, մասնավորապես՝ եվրոպական բանակի վերաբերյալ:

«Նա զբաղվում է ամերիկյան քաղաքականությամբ, ես այդ առիթով բանավեճի մեջ չեմ մտնի, ես պատասխանատու չեմ ԱՄՆ-ում  իրերի դրության համար, և ես չեմ կարծում, թե ֆրանսիացիներն ինձանից արձագանք են սպասում դրա վերաբերյալ: ԱՄՆ-ը մեր դաշնակիցն է, այդպիսին է մեր հարաբերությունների պատմությունը, և մենք միշտ դաշնակիցներ կլինենք: Մենք միասին ենք եղել, երբ մեզ համար դժվար է եղել, միասին ենք եղել պատմության ամենաբարդ շրջաններում: Բայց դաշնակից լինելը չի նշանակում լինել վասալ: ԱՄՆ-ի վասալը չլինելու համար հարկավոր է նրանից կախում չունենալ , այլ պահպանել ինքնիշխանությունը և ինքնությունը՝ որպես ֆրանսիացիներ և եվրոպացիներ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Ենթադրվում է, որ Թրամփի բազմաթիվ գրառումներից մեկը, որում նա ֆրանսիացիներին ուղղակի անվանում է աշխարհում չտեսնված ազգայնականներ, Մակրոնի այն խոսքի արձագանքն է, թե ազգայնականությունը դավաճանություն է բարոյական արժեքներին:

Փոխանցում է euronews-ը: