16.11.2018 12:14

Արսեն Գրիգորյան. 5 տոկոսի հավակնող կուսակցության խուժանությունները

Արսեն Գրիգորյան. 5 տոկոսի հավակնող կուսակցության խուժանությունները
Ծաղրանկարը՝ Medialab.am-ից

ՀՀԿ-ի անկաշկանդությունը սպանում է՝ ընտրացուցակ են ներկայացրել բացարձակապես առանց հավակնությունների: Ինչու՞: Որովհետեւ նրա հույսը իներցիան է: Այսինքն, ընտրողը, որը չի տեղափոխվել Նոր Հայաստան:

Պարզ է, որ այսօր հանրապետականները հավակնում են միայն 5 տոկոսը հաղթահարելուն: Այս ցուցակով 0,5 տոկոսն էլ չեն անցնի: Ուրեմն՝ ի՞նչ են անելու: Ահա այստեղ է նրանց օգնության հասնելու ռեյտինգային ընտրակարգը: Սերժ Սարգսյանը 127 հոգու համոզել է, որ մարզերում հանրապետականը խնդիր չունի, որովհետեւ ռեյտինգայինը քաղաքական ոչ մի բաղադրիչ չունի: Մարզերում Նիկոլ Փաշինյանից բացի ուրիշ ոչ մեկին չեն ճանաչի, իսկ մեր թեկնածուները գոնե ընտրակաշառք բաժանած կլինեն, մի քանիսին մի լավություն արած կլինեն: Այսինքն, այս կուսակցության խաղադրույքը ընտրողի էն հատվածի վրա է, որը բացարձակապես հաշվետու չէ նոր Հայաստանում իր անելիքի համար: Ընտրողը չի կարող քվեն ՀՀԿ-ին տալ, բայց կարող է տալ իր մարզի ՀՀԿ-ականին, որը հին բարիդրացիական հաշիվներ ունի այդ նույն ընտրողի հետ:

Ասում եմ, խոսքն ընդամենը 5 տոկոսը հաղթահարելու մասին է, այս խորամանկությունը հանրապետականին ավելին չի տա: Բայց գուցե դա աշխատի, չէ՞ որ երկար տարիներ այս մարդիկ ընտրող են «կրթել»: Հիմա քաղում են իրենց «կրթության» պտուղները: Տեղացի ՀՀԿ-ականները շատերին շատ բան ունեն հիշեցնելու: Քաղաքագիտական եւ նույնիսկ սոցիոլոգիական որեւէ խորամանկության չի դիմանում այն, որ մինչեւ վերջ մերժված կուսակցությունը իշխանության է հավակնում՝ ցուցակում ունենալով Արտաշես Գեղամյան: Ուրեմն, նրանք ուզում են, Շարմազանովի բառերով ասած, թամադա լինել ուրիշի հարսանիքին: Աշխատո՞ղ մեխանիզմ է 5 տոկոսի համար: Կարծում եմ, կաշխատի: Գուցե նույնիսկ 5 տոկոս էլ չձգեն, բայց խուժանի այս տրամաբանությունը մեռնող կուսակցության համար իսկական փրփուր է, որից կարող են կառչել: Իհարկե, մյուս կողմից, եթե Գեղամյանին բերել են 10-րդ տեղ, ուրեմն հաստատ համոզված են, որ այդքան քվե չեն հավաքելու: Առանձին թեմա է Դավիթ Շահնազարյանի պարագան: Այստեղ, ինչպես ասում են, ճիշտը լռելն է, որովհետեւ դարձյալ խաղադրույքն այն չէ, որ Շահնազարյանը իրենց մոտ է եկել հակառակորդի ճամբարից, ու դա աշխատող ճամբարափոխություն է: Սա ավելի շատ նման է ուշացած երախտագիտության: Արդեն երեք տարի Շահնազարյանը համաձայն է Սերժ Սարգսյանի հետ:

Ռեյտինգային ընտրակարգը սրիկայի վերջին ապաստարանն է: Հենց այնտեղից էլ նա մի օր գլուխը դուրս է հանելու եւ հայտարարելու է իր մասին: Ըստ էության՝ ՀՀԿ-ն, թիմին նետելով քվե հավաքելու գործին, մյուս քաղաքական ուժերից տարբերվում է նրանով, որ հավաքական իմաստով ինքը ոչ մեկից սպասելու ոչինչ չունի, այսինքն՝ միակ քաղաքական ուժն է, որը հաստատ քաղաքական ասելիքով չի մտնելու մարտադաշտ: Ինքը փորձելու է խոսել ժողովրդին հասկանալի լեզվով: Յուրաքանչյուր մարզում նա հաստատ կունենա «հպարտության» օջախներ: Մինչ մյուսները կասեն, թե ինչ են պատրաստվում անել, ինքը կմատնանշի ճանապարհները, մեկ երկու-երաժշտական դպրոց: Եվ այս ամենը, հիշեցնում եմ, ինչ-որ 5 տոկոսի համար: Որպեսզի ռեյտինգայինները քարշակի նման խորհրդարան մտցնեն Վիգեն Սարգսյանից մինչեւ Էդուարդ Շարմազանովին: ՀՀԿ-ն քարոզարշավին չի ներկայանա Փաշինյանին քննադատելով, ժողովուրդը լրագրողների խումբ չէ, որ իրավունք չունենա հակադարձելու: Նրա դրոշը անցյալն է: Նույնիսկ Ղարաբաղի հարցը չի կարող լինել այս կուսակցության քաղաքական խայծը, որով ինքը կներկայանա իբրեւ քաղաքական ուժ: Այստեղ էլ նրան կհիշեցնեն առանց վառելիքի տանկերը եւ 800 հեկտարը, ինչպես նաեւ այն ցինիզմը, որով փորձեցին հասարակությանը կերցնել տարածքների կորուստը: Հետեւաբար, նրանք մտածում են՝ ինչքան քաղաքականությունից հեռու, այնքան 5 տոկոս հավաքելու շանսերը՝ մեծ: