16.11.2018 15:36

ԶԼՄ. Ձայնագրությունները հերքում են լրագրողի սպանության սաուդյան վարկածը

ԶԼՄ. Ձայնագրությունները հերքում են լրագրողի սպանության սաուդյան վարկածը

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության վայրում արված ձայնագրությունները, որ կան Թուրքիայի իշխանությունների տրամադրության տակ, հակասում են հանցագործության այն վարկածին, որ առաջ է քաշել Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը, ուրբաթ օրը հաղորդել է Hurriyet թերթը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազության՝ հինգշաբթի տարածած հայտարարության համաձայն՝ Հաշոգիի սպանության գործով ձերբակալվել է 21 մարդ, նրանցից հինգի համար դատախազությունը պահանջել է մահապատիժ, մյուսներին սպասվում է պատիժ՝ շարիաթի կանոններին համապատասխան:

Սաուդյան դատախազության վարկածով՝ Ստամբուլում սաուդյան հյուպատոսարան ժամանած խմբի ղեկավարը կարգադրել է սպանել Հաշոգիին, եթե նրան թագավորություն վերադարձնելու գործողությունը ձախողվի: Այն բանից հետո, երբ լրագրողի հետևից եկածներին չի հաջողվել Հաշոգիին համոզել, որ նա վերադառնա հայրենիք, նրան«մեծ չափաբաժնով թմրանյութ է ներարկվել, որը հանգեցրել է մահվան»:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն այս հայտարարությունն անվանել է «անբավարար»՝ հիշեցնելով, որ Թուրքիան սպասում է, որ սաուդյան կողմը հայտնի լրագրողի դիակի տեղը:

Թերթի տվյալներով՝ Թուրքիան մեծ քանակությամբ ապացույցների է տիրապետում, այդ թվում՝ ձայնագրությունների, որոնք հերքում են սաուդյան դատախազության ներկայացրած վարկածը: Այսպես, յոթ րոպեանոց ձայնագրությունում «լսելի են Հաշոգիի՝ ողջ մնալու հուսահատ ջանքերը, և ոչ մի ակնարկ չկա այն մասին, թե ինչ-որ մեկը փորձում է համոզել նրան»: Թուրք իրավապահները նաև չեն հաստատել, թե Հաշոգին սպանվել է թմրանյութի ներարկման արդյունքում, «նրան խեղդել են պարանով կամ պոլիէթիլենե տոպրակի նման մի բանով»:

Փոխանցում է ria.ru-ն: