16.11.2018 16:27

Լիզա Ճաղարյան. Սրիկաների վերջին հանգրվանը «ավանդապահությունն» է

Լիզա Ճաղարյան. Սրիկաների վերջին հանգրվանը «ավանդապահությունն» է

Միանգամից սկսեմ այնտեղից, որ ես բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, գրող ու փիլիսոփա Օսկար Ուայլդի, կինոռեժիսորներ Լուկինո Վիսկոնտիի, Էյզենշտեյն ու Փարաջանով Սերգեյների, դաշնակահար Վան Քլիբերնի, բալետի պարող Ռուդոլֆ Նուրիեւի եւ աշխարհին հայտնի ու անհայտ հարյուրավոր մեծերի շիրմաքարերի վրա նստած փոշին ավելի թանկ եմ գնահատում, քան Աժ ՀՀԿ-ական մի խումբ «ավանդապահ» հիստերիկներին եւ նրանց համախոհ խաժամուժին։

Պարզաբանեմ. թվարկածս մարդիկ եւ շատ ավելի հանճարեղ կամ պակաս հանճարեղ շատ ու շատ անհատներ, այսպես կոչված, սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ են՝ սկսած Լեոնարդո դա Վինչիից։

Ավելացնեմ. մարդկանց հետ շփվելիս ես չեմ հոտոտում նրանց անկողինը (այդ պատվավոր գործը թողնում եմ Շարմազանով Էդիկի ու նրա նմանների ուսերին)։ Ինձ համար կարեւորը երկոտանիների մարդկային արժանիքներն են։

Ընդգծեմ. եթե այդ մարդիկ  քրեորեն դատապարտելի արարք չեն կատարել՝ անկախ այն բանից՝ Շարմազանով Էդիկի նման ավանդական սեռական կողմնորոշմամբ բռնաբարել են հակառակ սեռի մի անմեղ աղջնակի, թե միասեռականի հակումներով՝ նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ են ոտնձգություն արել։

Հուսով եմ, սկզբունքս պարզ դարձավ բոլորին, ինչն, ի դեպ, երբեք չեմ թաքցրել։

Հիմա դառնանք Շարմազանով Էդիկին ու նրա նման իշխանությունից զրկված «ավանդապահներին»։

Հարյուրավոր օրինակներ կարող եմ բերել, բայց բավարարվեմ ընդամենը մեկով։

Երբ գործարար Սերոբ Տեր-Պողոսյան-մանկապիղծին Քոչարյան Ռոբերտը բերեց Հայաստան եւ կարմիր գորգ փռեց նրա առջեւ, հասարակ մահանացուներիս ականջին հասավ միանգամից, որ այս արարածը, մեղմ ասած, անտարբեր չէ անչափահաս տղաների նկատմամբ։ Եթե հասարակ մահկանացուներս էինք տեղյակ, թե սովահար ընտանիքների քթի տակ փող թափահարելով՝ այս պարոնը քանի-քանի երեխայի է պղծում Հայաստանում, «ավանդապահ» Շարմազանովն ու ՀՀԿ-ական ողջ ավազակախումբը մեզանից առավել տեղյակ էին։ Որեւէ մեկը կարո՞ղ է հիշեցնել, թե այս զարհուրելի դեպքի բացահայտումից առաջ (ի դեպ, բացահայտելու բան չկար, բոլորի՛ն էր հայտնի տարիներ շարունակ) քանի անգամ է «ավանդապահ» Էդիկն ընկնավորության նոպաներ ունեցել Տեր-Պողոսյանին դատարանի առջեւ կանգնեցնելու պահանջով։ Կամ՝ մեկնումեկը լսե՞լ է, որ այս պարոնը մեղադրի ՀՀԿ-ական իշխանությանը եւ հատկապես ու մասնավորապես Քոչարյան Ռոբերտին՝ մանկապիղծին հովանավորելու համար։ Կամ՝ մեկնումեկը տեսե՞լ է, որ «ավանդապահ» Շարմազանով Էդիկը սահմռկի այն փաստից, որ այդ երեխաների մայրերն արցունք էին թափում իրենց երեխաներին պղծած Տեր-Պողոսյանի համար, որովհետեւ, ճիշտ է, նա պղծում էր իրենց անմեղ երեխաներին, բայցեւ դրա դիմաց փրկում էր այդ ընտանիքներին սովամահությունից։ Լսել կամ տեսե՞լ եք, որ Շարմազանով Էդիկը Ազգային ժողովում հիստերիկ ճիչեր արձակի, մեղադրի իր թանկագին ՀՀԿ-ին, թե ոնց է հասարակությանը հասցրել մի այնպիսի ահավոր վիճակի, որ գյուղացի խեղճուկրակ մայրերը պատրաստ են իրենց զավակներին վաճառել մանկապիղծին՝ միայն թե սովից չմեռնեն։

Անիծյալ Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարության ժամանակ ինչ որ տեսավ ու լսեց Հայաստանի հասարակությունը, կփշաքաղեցներ Արեւմուտքի «ամենաայլասերված» պետության ցանկացած քաղաքացու, սա մեր «ավանդական» պատմության ամենաամոթալի էջն է, եւ դրանից հետո, ո՜վ արմանք-զարմանք, Շարմազանով Էդիկն ու նրա նման երեսպաշտները ոչ կաթված ստացան, ոչ էլ Աժ-ում էժանագին թամաշաներ սարքեցին հասարակության բարոյական արժեքների այսչափ գահավիժման համար, ինչի միա՛կ մեղավորը հենց ՀՀԿ-ականներն էին՝ իրենց ռոբասերժիկների գլխավորությամբ։

«Սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է» ասացվածքը փոփոխելու կարիք կա այսօր։

Շարմազանով Էդիկի՝ շրջանային թատրոնի դերասանի մակարդակի ծամածռություններին առավել հարիր է այս տարբերակը. «Սրիկաների վերջին հանգրվանը ավանդապահությունն է»։