18.11.2018 10:00

Մանչինին ցանկանում է Իտալիայի հավաքական հրավիրել «Զենիթի» հարձակվողին

Մանչինին ցանկանում է Իտալիայի հավաքական հրավիրել «Զենիթի» հարձակվողին

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ցանկանում է թիմ հրավիրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սեբաստիան Դրիուսիին, հաղորդում է Gazzetta dello Sport–ը։ 22–ամյա ֆուտբոլիստն ունի Արգենտինայի եւ Իտալիայի քաղաքացիություն։ Նա երբեք հրավեր չի ստացել Արգենտինայի ազգային հավաքականից։ Ներկայացրել է այդ երկրի մինչեւ 17 եւ մինչեւ 20 տարեկանների հավաքականները։

Դրիուսին Մանչինիի ղեկավարությամբ «Զենիթում» հանդես է եկել անցած մրցաշրջանում։ Մանչինին Իտալիայի հավաքականի թեկնածու է համարում նաեւ «Ուդինեզեի» արգենտինացի հարձակվող Իգնասիո Պուսետոյին եւ «Լացիոյի» բրազիլացի պաշտպան Լուիս Ֆելիպեին։

Ընթացիկ մրցաշրջանում Դրիուսին «Զենիթում» մասնակցել է 21 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։