19.11.2018 11:37

Խուան Մատա․ «Հենրիխ Մխիթարյանին կատարած գոլային փոխանցումն ամենաառանձնահատուկն է իմ կարիերայում» (տեսանյութ)

Խուան Մատա․ «Հենրիխ Մխիթարյանին կատարած գոլային փոխանցումն ամենաառանձնահատուկն է իմ կարիերայում» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան The Players Tribune-ին տված լայնածավալ հարցազրույցում ներկայացրել է մանրամասներ իր մանկությունից և կարիերայից՝ հիշատակելով նաև նախկին խաղընկեր, ներկայումս «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անունը։

«Ես բախտավոր եմ։ Ծնվել եմ Իսպանիայի հյուսիսում գտնվող մի ընտանիքում, որը միշտ աջակցել է ինձ։ Հայրս նախկին ֆուտբոլիստ էր, խաղում էր որպես եզրային կիսապաշտպան։ Նա, ինչպես ես, ձախլիկ էր, բայց պետք է ընդունեմ, որ ինձնից ավելի արագաշարժ էր։ Նա սիրում էր խաբքերի դիմել մրցակիցների հետ պայքարում։ Օվիեդոյի մեր տանը դիտում էի նրա մասնակցությամբ հին խաղերի տեսագրությունները։ Այդպես սիրեցի ֆուտբոլը։ Այդպես հասկացա, որ ֆուտբոլը նաև իմն է։

Պապիկս իմ ամենամեծ երկրպագուն էր։ Հենց նա է ինձ մանուկ հասակում ուղեկցել մարզումների և հանդիպումների, երբ ծնողներս զբաղված էին։ Նա նաև դիտում էր իմ մասնակցությամբ յուրաքանչյուր խաղ։ Երբ 15 տարեկան հասակում հետաքրքրություն կար Մադրիդի «Ռեալի» կողմից, և ես պետք է որոշեի՝ ցանկանո՞ւմ եմ տեղափոխվել մայրաքաղաք, թե՞ ոչ, պապիկս խոսեց ինձ հետ։ Նա խորհուրդ տվեց լսել սրտիս ձայնին և ասաց, որ իմ՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու երազանքը ռիսկեր է պահանջում։

Երբ արդեն հանդես էի գալիս «Վալենսիայում», նա շատ հաճախ այցելում էր մեր մրցավեճերին։ Երբ նույնիսկ չէր գալիս ստադիոն, դիտում էր հեռուստատեսությամբ։ Նա բաց չէր թողնում իմ մասնակցությամբ ոչ մի խաղ։ Հիշում եմ՝ մի օր խնդիրներ ունեի և երեկոյան զանգահարեցի նրան, երբեք չեմ մոռանա, թե ինչ ասաց ինձ․ «Քո ֆուտբոլն ու կարիերան, Խուա՛ն, ինձ կյանք են տալիս։ Ես հպարտանում եմ և հույսով լցվում, երբ դիտում եմ քո խաղը»։

Շատ եմ սիրում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին։ Ուրախ եմ, որ նրանց ուրախության պահեր եմ պարգևել, ինչպես, օրինակ, «Լիվերպուլի» դեմ խփած գեղեցիկ գոլը։ Բայց 2017թ․ փետրվարին ես զգացի նրանց աջակցության կարիքը և իրականում ստացա ավելին, քան ակնկալում էի։

Պապիկս, որը երբեք բաց չէր թողել իմ պրոֆեսիոնալ կարիերայի որևէ հանդիպում, առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Խաղերից հետո միշտ զրուցում էի նրա հետ։ Հիշում եմ նրա հետ տեսազանգը թիմային ավտոբուսում այն բանից հետո, երբ Եվրոպա լիգայի շրջանակում Ֆրանսիայում 1-0 հաշվով հաղթել էինք «Սենտ-Էտյենին»։ Նրա ձայնը ցածր էր․․․ Դժվարությամբ էր խոսում։ Նրա բառերը դանդաղորեն էին դուրս գալիս, բայց կարողացավ ասել, որ իմ գոլային փոխանցումը Հենրիխ Մխիթարյանին հրաշալի էր։

Դա իմ կարիերայի հավանաբար ամենաառանձնահատուկ գոլային փոխանցումն էր, քանի որ վերջինն էր, որ տեսավ պապիկս։ Նա մահացավ մի քանի օր անց»,- ասել է Մատան։