19.11.2018 18:52

Արսեն Գրիգորյան. Ի՞նչ գաղափարներով մտնել ընտրապայքարի

Արսեն Գրիգորյան. Ի՞նչ գաղափարներով մտնել ընտրապայքարի

Գաղափարների հակամարտության բացակայությունը լինելու է առաջիկա ընտրությունների հիմնական խնդիրը։

Դիցուք, «Իմ քայլը» գաղափարներ առաջարկելու խնդիր չունի, նրա գաղափարը Նիկոլ Փաշինյանն է, եթե նույնիսկ նա լռի ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Այսինքն, «մավրն» իր քվեն վերցնելու է, որովհետեւ գլխավորն արել է։

ԲՀԿ-ն ինքնին որեւէ գաղափար չունի, որ կարող է առաջարկել ընտրողին։ Նրա գաղափարը Գագիկ Ծառուկյանն է, որն ընկալվում է որպես գործարար։ Այսինքն, նրանից ակնկալելիքը գաղափարը չէ։ Ինչ էլ ընտրողին առաջարկեն ԲՀԿ-ական թեկնածուները, նրանցից սպասելին, թե՝ այդ թեկնածուի մեջ որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանը։ Սա օրինաչափ սպասում է, այստեղ լավ կամ վատ բան չկա, ԲՀԿ-ն ինքն է դիրքավորվել այդ սպասումը մարմնավորելու դերի մեջ։

Դաշնակցությունը իր բնույթով գաղափարներ առաջարկող քաղաքական ուժ է։ Բայց դա չի նշանակում, որ ընտրողը նրանից նոր մտքեր է սպասում։ Պատճառն այն է, որ Դաշնակցությունը միակ քաղաքական ուժն է, որ այս տարիներին միայն գաղափարներ է տապալել, մասնավորապես սոցիալիստական բնույթի։ Որովհետեւ իշխանություն ունեցած մյուս ուժերը բնույթով սոցիալիստական չեն եղել եւ որեւէ կերպ պարտավորված չէին մտածել աղքատի մասին։

ՕԵԿ-ի մասին խոսելը իմաստ էլ չունի։

«Լուսավոր Հայաստանը» քաղաքական ուժ լինելու փոքրիկ փորձով մի քիչ նման է ՕԵԿ-ին։ Նրանք, ըստ էության, իշխանության մեջ գտնում են այն ճեղքերը, որոնք կարող են փակել միայն իրենցով։ Եվ նրանց առաջարկածն էլ հիմնականում կապ ունի երկրում արդարության եւ օրինականության հաստատման հետ։ ՕԵԿ-ի նման կարողանում են բավարարվել փոքր պատասխանատվությամբ, քան ընդդիմադիր լինելու մեծ բեռով։ Այնուամենայնիվ, նրանց տրվելիք քվեները առայժմ կլինեն հեղափոխության հետ կապի շրջանակներում։ Հիմնական քվեարկողները կլինեն երիտասարդները։

«Մենք»-ը իր բնութով նման է ՕՐՕ-ին։ Այսինքն, քաղաքական մի դաշինք է, որը ընտրություններում դրսեւորվելու այլ ձեւաչափ չի գտել ավելի խոստումնալից լինելու համար եւ ձեւավորել է ճարահատյալ ճակատ արեւմտամետ գաղափարներով։ Սա տարբերվում է 2017-ի «Ելք»-ի արեւմտականությունից, որովհետեւ այն ժամանակ հեղափոխության հոտն էլ չկար։ Իսկ հիմա թվում է, թե արեւմտականները այսօր ընդունելություն ունեն։ Բայց այդ դաշտն իրենով փակել է «Իմ քայլը»։ Որովհետեւ գործընթացներին քաղաքական միջամտության առումով Արեւմուտքն արդեն այն մարգինալ ընկալումը չունի Հայաստանում, որ կար «Ելք»-ի ձեւավորման օրերին։

Մնացած բոլոր ուժերը հեղափոխության արդյունք են այս կամ այն չափով եւ երկրորդելու են Նիկոլ Փաշինյանին։ Հետեւաբար ինչպե՞ս եւ հատկապես ինչու՞ է ընտրողն ընտրելու այս կամ այն քաղաքական ուժին։ «Իմ քայլի» պարագան հասկանալի է։ Նա հույսն է։ Հույսի մեջ ամեն ինչ հնարավոր է դնել, նույնիսկ գաղափարի բացակայությունը, որովհետեւ հույսը նաեւ ազատում է գաղափարից։ Կա ուժ, որը քո փոխարեն կանի ամեն ինչ։ ԲՀԿ-ին տրվելիք քվեները բնույթով կլինեն իներցիոն։ Երիտասարդների հազիվ 2-3 տոկոսն իր քվեն կտա Ծառուկյանի գլխավորած ուժին, այն էլ այն երիտասարդները, որոնք այս կամ այն չափով փոխկապակցված են նրան բիզնեսին։

Թվում է, թե ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժը կարող էր լինել, որը հենց առաջարկվող գաղափարներով կարող է մտնել ընտրարշավի մեջ։ Որովհետեւ առաջարկելու ոչինչ չունի։ Սակայն ռեյտինգային ընտրակարգը պահպանելու նրանց հիվանդագին քայլը բացառում է դա, երկրորդ, նրանց ընտրապայքարը հավատ առաջացնելուն միտված չէ, այլ նախկին մոնստրից մնացած փշրանքները պահպանելուն։ Այսօր ոչ ոք որեւէ քաղաքական ուժից չի սպասում Փաշինյանի իշխանության համոզիվ քննադատություն։ Հետեւաբար ընդդիմադիր ուժին տրվելիք քվեն լինելու է սոսկ կորցրածը վերականգնելու մղում։ Ընդամենը։