20.11.2018 15:04

Ուիլյամ Բրաուդեր․ «Մենք գիտենք, թե ով է սպանել Սերգեյ Մագնիտսկուն»

Ուիլյամ Բրաուդեր․ «Մենք գիտենք, թե ով է սպանել Սերգեյ Մագնիտսկուն»

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բրիտանական ներդրումային Hermitage Capital ֆոնդի ղեկավար Ուիլյամ Բրաուդերին կասկածում է այդ ֆոնդի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու սպանության մեջ։ Երկուշաբթի հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել Բրաուդերի դեմ՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեղադրանքով։ Հետաքննությունը հայտնաբերել է ընկերություններ Կիպրոսից, Լատվիայից և Շվեյցարիայից, որոնք, իբր, միլիոնավոր դոլարներ են կանխիկացրել և լվացել՝ Բրաուդերի շահերից ելնելով։

Դատախազությունը կարծում է, որ Բրաուդերն ամենից շատ էր շահագրգռված Մագնիտսկու մահով։ Ռուսաստանի գլխավոր դատախազի խորհրդական Նիկոլայ Ատմոնևի կարծիքով՝ Բրաուդերը կարող է առնչություն ունենալ նաև ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Պերեպիլիչնիի մահվանը, որը տեղի է ունեցել 2012 թ․ Լոնդոնում։ Բացի այդ, դատախոզությունը հայտարարել է, որ հետաքննությունը գործ է հարուցել ևս երեք հոգու՝ Վալերի Կուրոչկինի, Օկտայ Հասանովի և Սերգեյ Կորոբեյնիկովի սպանության վերաբերյալ, որոնց այդ գերատեսչությունն անվանում է «Բրաուդերի հանցակիցներ»։

«Սերգեյ Մագնիտսկու սպանությանը իմ առնչության մասին մեղադրանքները պարզապես անհեթեթ են ու ծիծաղելի,- BBC-ին ասել է Բրաուդերը։- Ինը տարի ռուսաստանյան իրավապահ մարմինները հրաժարվում էին խոստովանել, որ Մագնիտսկուն սպանել են, ու հիմա շատ կարևոր է, որ ասում են, թե նրան, այնուամենայնիվ, սպանել են։

Ո՞վ է սպանել։ Մենք գիտենք՝ ով է սպանել։ Մենք ապացույցներ ունենք, որ ինը պահակներ նրան ծեծել են բանտում ռետինե մահակներով։ Եվ երկար ժամանակ նա որևէ բուժօգնություն  չի ստացել։ Այնպես որ՝ այդ հայտարարությունները ծիծաղելի են, ամբողջ աշխարհն է ծիծաղում այդ մեղադրանքների վրա»։

Փոխանցում է BBC-ն։