20.11.2018 17:34

Լիզա Ճաղարյան. Քիչ խոսեք, ՀՀԿ-ականներ, ինչ պետք է՝ Հայկը կանի

Լիզա Ճաղարյան. Քիչ խոսեք, ՀՀԿ-ականներ, ինչ պետք է՝ Հայկը կանի

Երբ ԱԺ ընտրություններից առաջ շնչակտուր ստեղծված կամ ՀՀԿ-ական ռեժիմի տարիներին իշխանական սազանդարների սեւ քարոզչության մամլիչի տակ ընկած, կուսակցությունների ներկայացուցիչներն են դժգոհում քարոզարշավի կարճաժամկետությունից, այսինքն թե՝ զրկված են ինչպես հարկն է պատմելու ընտրողին, թե ինչ կշահի Հայաստանը, եթե իրենց վստահեն Հայաստանի քաղաքացիները, կարելի է հասկանալ այդ մարդկանց։ Ինքս, իհարկե, գրեթե չեմ կարեւորում քարոզարշավը, որովհետեւ Հայաստանը դեռեւս ծովից ծով չէ, եւ «բոլորը բոլորին ճանաչում են» ասվածը ճշմարտությունից հեռու չէ, եւ մինչ քարոզարշավն ընտրողների ծանրակշիռ մեծամասնությունն արդեն իսկ կողմնորոշված է. քարոզարշավն ընդամենը հայաստանյան քաղաքական կյանքն առավել հետաքրքիր կամ առավել անտանելի է դարձնում։

Իսկ ա՛յ զարմանալի է, ավելի ճիշտ՝ զավեշտալի է, շա՛տ ավելի ճիշտ՝ խղճալի է, երբ ՀՀԿ-ականներն են վերոբերյալ «հիմնավորումը» շահարկում։

Հասկանալի է իհարկե, որ այս մարդիկ մի քանի օրվա ընթացքում կորցրել են մի «անծայրածիր», ավելի ճիշտ՝ «բեսպրեդել» իշխանություն, որն, ըստ իրենց ծրագրի եւ բարձրաձայն ահաբեկումների, երկարաձգվելու էր առնվազն կես դար, ինչը նշանակում է՝ դեռ մի կես դար էլ անհրաժեշտ է, որ համակերպվեն այդ դաժան իրողությանը։ Բայց դե՝ ուզենք-չուզենք, այս մարդկանց հետ ապրում ենք նույն տարածքում, ուզենք թե չուզենք՝ իրենք էլ են Հայաստանի քաղաքացի, եւ առանձնակի դաժանություն կդիտարկվի, եթե կողքից անտարբեր նայենք, թե ինչպես են այս իշխանազրկվածներն ինքնակեղեքվում, եւ չփորձենք ուշքի բերել այս կուսակցության դժնդակ հոգեցնցում ապրած վերնախավին։

Պարոնայք եւ տիկնայք շարմազանովներ եւ այլք, Հայաստանի քաղաքացիները երկու տասնյակ տարի ապրել են ձեր կորովամիտ, վսեմաշուք եւ քաջախոհ իշխանության ներքո, երկու տասնյակ տարի ըմբոշխնել են ձեր ախորժահոտ, գեղաբույր եւ բազմարդյուն ղեկավարության պարգեւած բարիքները, հպարտացել են ձեր վարած հպարտասիրտ, բարձրասեգ, վեհ եւ վես քաղաքականությամբ, մի՞թե դուք էլ կարիք ունեք ներկայացնելու ձեր բյուրաբազում եւ անթվելի արժանիքներն ու մշտջենաբուխ եւ անցամաքելի վաստակը Հայաստանի երախտապարտ հասարակությանը։

Քսան եւ ավելի տարիներ դուք ինքնահոժար զրկել եք ձեզ այս մեղսավոր աշխարհի բոլոր հաճույքներից ու վայելքներից, մի կտոր ցամաք հացին երանի տալով կառուցել եք դրախտավայր Հայաստանը, ձեր ստեղծած բոլոր բարիքներն անշահախնդիր եւ անվարձահատույց մատուցել եք ազգի՛ն մեր հայեցի ու ավանդապահ, եւ եթե ինչ-որ պահի անհոգ ու երջանիկ ապրող ժողովրդի հաբռգած աչքերը փառակալեցին կուշտուկուռությունից եւ տրվեցին ոսոխ Բելի խաբեպատիր թովչանքին, եւ անապատի սամումի պես մեր հասարակությանը պարուրեց «ուտող-ուրացողությունը», դա չի՛ նշանակում, որ պետք է հուսահատվի ՀՀԿ-ի նման անխորտակելի եւ աննկուն կուսակցության անընկճելի եւ քաջարի հատվածի հայկյան հարարթուն ոգին։

Մեր ժողովուրդն իմաստուն է, չէ՞, հո չե՞ք մոռացել, թանկագին եւ անփոխարինելի շարմազանովներ եւ այլք։ Հայաստանի նույնի՛սկ ամենաերախտամոռ քաղաքացին հենց մոտենա քվեատուփին, կարդա «Հայաստանի հանրապետական կուսակցություն» տողը, անմիջապես պայծառանալու է նրա մշուշապատված գիտակցությունը, անմիջապես սելավի պես նրա հիշողության ծալքերն են հորդալու ձեր կատարած բոլոր հրաշագործությունները, զոհաբերությունները, ինքնակտտանքների սեանսներն ու բազում-բազում այլեւայլ մեծագործությունները, եւ զղջանքի հզոր ալիքը քշելու է տանի այն փառը, որով նենգաբարո Բե՛լն էր չարախորհուրդ աճպարարությամբ վարագուրել նրանց ջինջ աչքերը։

Այնպես որ, բարի լույս, հանրապետականներ ջան, ողջունում եմ բոլորիդ ՀՀ երեւանյան Նոր Նորք բարձրաբերձ զանգվածներից, հիշեցնում եմ փառակալած աչքերով հայ ժողովրդին, որ այս տարիների ընթացքում թանկագին եւ անփոխարինելի շարմազանովները եւ այլք «երբեք չեն առաջնորդվել «մանդատը կամ պաշտոնը ինքնանպատակ է կամ պրեստիժ է» գաղափարով», նրանց համար «դա եղել է առաքելություն», նրանք «միշտ եղել են գաղափարի մարտիկ» եւ «միշտ հավատացել են», որ Հայկը հաղթելու է Բելին։

Այնպես որ, ցանկացած գիտակից մարդ այս իրավիճակում խորհուրդ կտար ՀՀԿ-ական «առաքյալներին»՝ խորիմաստորեն լռել մինչեւ ընտրության օրը։

Հանգստացեք, մի կուշտ քնեք՝ քսան տարի է աչք չեք փակում ազգի հանդեպ անեզր ու սանձարձակ սիրուց, մի կուշտ կերեք՝ աչքներիս առաջ հալվել-մաշվել, մի բուռ եք դարձել, պահպանեք ձեզ հանուն ազգի, հանուն ավանդական հայ ընտանիքների, հանուն քրիստոնեության եւ հանուն Հայկի, որը հաղթել է Բելին ու նորից հաղթելու է։

Թե չէ՝ այսպես ձեզ պատեպատ զարկելով, կոկորդ պատռելով Հայկի անպարտելիությունն եք կասկածի տակ դնում։

Մեծ մարդ է, էլի, բա որ հաստակողությունը բռնի, տանի-բերի ու ասի՝ դուք եք եփել էս ճաշը, դուք էլ լափեք։