21.11.2018 13:25

Դատավորը կասեցրել է միգրանտների վերաբերյալ Թրամփի հրամանագրի գործողությունը

Դատավորը կասեցրել է միգրանտների վերաբերյալ Թրամփի հրամանագրի գործողությունը

Սան-Ֆրանցիսկոյում դաշնային դատավորը արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի գործողությունը, որով հանձնարարվում է հրաժարվել ապաստան տրամադրել Մեքսիկայի սահմանը հատող անօրինական միգրանտներին:

Դատավոր Ջոն Թիգարն այդպիսի որոշում է կայացրել Սպիտակ տան հրամանագրի վերաբերյալ իրավապաշտպանների քննադատությունը լսելուց հետո:

Նոյեմբերի 9-ին, Մեքսիկայի սահմանը հատած անօրինական միգրանտներին ապաստան չտրամադրելու վերաբերյալ հրամանագիր արձակելուց հետո, Թրամփը պարզաբանել է, որ կանոնների այդ խստացումը պայմանավորված է բազմահազարանոց  քարավանի շարժմամբ դեպի ԱՄՆ: Նրա խոսքով՝ այդ արգելքն անհրաժեշտ է՝ ի շահ երկրի: Միջանկյալ ընտրություններից առաջ էլ նա հայտարարել էր, թե ԱՄՆ ժամանող շատ միգրանտներ հանցագործներ են: Իսկ հոկտեմբերի վերջին էլ կարգադրել էր մեքսիկական սահման ուղարկել առնվազն 15 հազար զինվոր:

Սակայն իրավապաշտպանները նրա հետ համաձայն չեն: Դատավոր Ջոն Թիգարն իր որոշման մեջ նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ ԱՄՆ ժամանող յուրաքանչյուր օտարերկրացի կարող է ապաստան խնդրել, ընդ որում՝ կապ չունի՝ նա օրինական է ժամանել, թե ոչ: Թիգարը նաև նշել է, որ Թրամփի՝ նոյեմբերի 9-ին արձակված հրամանագիրը լուրջ նահանջ է արդեն սովորական դարձած պրակտիկայից: «Ինչ լիազորություններ էլ նախագահն ունենա, նա չի կարող  վերաշարադրել ներգաղթի մասին օրենքները՝ այնտեղ այնպիսի փոփոխություններ անելով, որոնց դեմ է եղել կոնգրեսը »,- նշել է դատավորը:

Փոխանցում է BBC-ն: