21.11.2018 14:11

Լեռնային Ղարաբաղ. Հայացք Հայաստանից. Որքան մեծ օրինակարգություն, այնքան քիչ զիջումնե՞ր

Լեռնային Ղարաբաղ. Հայացք Հայաստանից. Որքան մեծ օրինակարգություն, այնքան քիչ զիջումնե՞ր

Հայաստանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի եւ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բուռն արձագաք է առաջացրել հայ հասարակության, քաղաքագետների եւ քաղաքական գործիչների շրջանում:

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եկա եւ պարզեցի, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է  օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին՝ հետագայում «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի, երբ պարզեցի, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի: Հասկանում եմ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն է՛լ ավելի է սրել հայերի ընկալումները: Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»,- հայտարարել է Միլսը EVN Report-ի հետ զրույցում:

 

«Մենք ցանկանում ենք օգնել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբում մեր ունեցած դերի շրջանակում, այնպես էլ հնարավոր այլ տարբերակներով, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Մենք հասկանում ենք, որ  այս խնդրի լուծումը բխում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից, այլեւ՝ ԱՄՆ-ի: Եթե կանխատեսումներն իրականություն դառնան, եւ նա (Նիկոլ Փաշինյանը) ընտրվի վարչապետ, ապա հզոր մանդատ կունենա մի շարք կարեւոր քայլերի համար։ Վճռական քայլեր կատարելու համար լավագույն պահն ընտրություններից հետո է: Եթե պատրաստակամություն լինի, մենք պետք է աշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից նույնատիպ արձագանք լինի»,- հայտարարել է Բոլթոնը, որն այս տարվա հոկտեմբերին տարածաշրջանային այցով այցելել է Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան:

Ըստ էության՝ ամերիկյան քաղաքական գործիչները չեն ասել այնպիսի բան, որը չի եղել եւ չկա այն փաստաթղթերում, որոնց շուրջ բանակցություններ են ընթացել եւ ընթանում: Հատկապես, որ սա առաջին դեպքը չէ, երբ միջնորդները բացեիբաց խոսում են բանակցային գործընթացի էության մասին: Սակայն հայ հանրության կողմից նման հայտարարությունները ոչ միայն ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումների, բանավեճերի կամ մտորումների առիթ չեն դառնում, այլեւ ավելի են ահագնացնում, այսպես կոչված, անզիջողականների տեսակետները: Ասել է թե՝ այս տարբերակը (երբ  ոչ թե բանակցող երկրների իշխանությունները, այլ միջորդներն են խոսում բանակցությունների էության մասին) ղարաբաղյան հակամարտության պարագայում ոչ միայն չի աշխատում, այլեւ ավելի է սրում իրավիճակը: Եւ պատճառն ամենեւին այն չէ, որ մարդիկ սահմանի այս կամ այն կողմում խաղաղություն չեն ցանկանում, եւ ոչ էլ այն, որ մարդիկ իրենց էությամբ պատրաստ չեն հակամարտության կարգավորմանը, պատճառն այն է, որ իշխանությունները ե՛ւ այստեղ, ե՛ւ այնտեղ, ոչ միայն փաստացի թաքցրել են իրենց երկրների քաղաքացիներից բանակցություների իրական էությունը, այլեւ տարիներ շարունակ մանիպուլյացիներ են արել այս թեմայի շուրջ` իրենց ներքաղաքական շահերի համար (այդ մասին առավել մանրամասն` ստորեւ), ինչն արդյուքում հանգեցրել է նրան, որ մարդիկ չեն էլ մտածում, որ խաղաղության համար անհրաժեշտ է կամ կարող է փոխզիջում լինել:

Հետեւաբար, միջնորդները, փոխանակ իրենց վրա վերցնեն հանրություններին տեղեկացնելու ամբողջ պատասխանատվությունը, պետք է «ստիպեն» իշխանություններին, որ վերջիններս հանրային իրազեկման հարցում ավելի թափանցիկ լինեն. միայն այդ դեպքում հնարավոր կլինի իրական փոփոխություններ ակնկալել:
Հակառակ պարագայում ամեն բան կընթանա այնպես, ինչպես միշտ, այսինքն, անդադար կշարունակենք տեսնել այն, ինչին ականատես եղանք պարոնայք Միլլսի եւ Բոլթոնի պարագայում: Հայաստանում նրանց հայտարարություններին հետեւած նույնիսկ փորձառու, իշխանության մեջ եղած քաղաքական գործիչների արձագանքն այնպիսին էր, ասես նրանք առաջին անգամ են լսում բանակցային գործընթացի էության մասին, թեեւ այդ գործընթացը վարվում է արդեն երկրար տարիներ: 

Քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների, քաղաքագետների եւ փորձագետների արձագանքներն այս հարցում, ինչպես միշտ, միանշանակ չէին: Նրանց մեծամասնության անգաժավորվածությունը, ցավոք, դրսեւորվում է ոչ միայն ներքաղաքական եւ Հայաստանի արտաքին կողմնորոշմանն առնչվող հարցերում, այլեւ՝ ղարաբաղյան հիմնախնդրի թեմայի շուրջ: Արեւմտամետ փորձագետները, քաղաքագետները եւ վերլուծաբանները ցանկացած իրադարձություն մեկնաբանում են Արեւմուտքի շահերի դիտանկյունից, ռուսամետները` Ռուսաստանի: Բայց ոչ հակամարտության բուն կարգավորման շահերից: Ասել է թե՝ իրականացվում է սովորական քարոզչություն:   Առաջին խումբը Միլլսի եւ Բոլթոնի հայտարարություններն ընդհանուր առմամբ մեկնաբանեց այսպես. ամերիկյան կողմը այսպիսի հայտարարություններով «փորձում» է Ռուսաստանին: Համաձայն նրանց մեկնաբանությունների՝ Ռուսաստանը Հայաստանին դրդում է տարածքներ զիջել, ինչին դեմ է Արեւմուտքը, եւ նմանատիպ հայտարարություններով ամերիկացի դիվանագետները ցանկացել են ստիպել Ռուսաստանին, այսպես ասած, բաց խաղալ: Երկրորդ խումբը՝ ռուսամետները, այս հայտարարությունները մեկնաբանեցին աբողջությամբ հակառակ տրամաբանության մեջ` Արեւմուտքն է տարածքային զիջումներ պարտադրում Հայաստանին:  

 

Առավել տարօրինակ էր Հայաստանի արդեն նախկին իշխանությունների` հանրապետականների «մենք փոխզիջելու բան չունենք» ոճի արձագանքը, եւ դա՝ չնայած այն բանին, որ նրանց կուսակցության ղեկավարը՝ Հայաստանի նախկին նախագահ (2008-2018) Սերժ Սարգսյանը,  իր հարցազրույցներում բազմիցս է ներկայացրել բանակցային գործընթացի էությունը եւ փոխզիջմների տրամաբանությունը: Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ իր հարցազրույցներում հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է փոխզիջումային լուծման, եւ որ իր իշխանավարման օրոք Երեւանն ու Բաքուն մեկ անգամ չէ, որ մոտ են եղել Լեռնային Ղարաբաղի հարցում համաձայնության հասնելուն:

Ընդհանարպես, հասկանալու համար, թե արդյո՞ք հնարավոր է կոմպրոմիսային լուծում, եւ արդյո՞ք իշխանությունները նպաստում են հակամարտության կարգավորմանը, պետք է դիտարկել երկու առանցքային իրողություն. պետական-տեղեկատվական քաղաքականությունը/պաշտոնական հռետորաբանությունը եւ հանրային տրամադրվածությունը: Ասել է թե` որքանով են երկու երկրների հանրությունները պատրատվում եւ որպես արդյունք՝ որքանով են պատրաստ կարգավորմանը:  

Եթե այդ դիտանկյունից նայենք, ապա կարելի է ասել՝ բանակցային գործընթացի մեկնարկից կարճ ժամանակ անց (1998 թվականից հետո) Հայաստանի իշխանությունները, ըստ էության, չեն նպաստել հակամարտության կարգավորմանը: Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը ԼՂ հիմնախնդրի հարցում պետք է բաժանել երեք մասի` 1994-1998, 1998-2018, 2018 թվականի մայիսից մինչեւ այժմ:

Հայաստանի նոր իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, դեռեւս պաշտոնապես չեն «մտել» բանակցային գործընթացի մեջ: Հանրային տրամադրվածություններն էլ դեռեւս շարունակում են մնալ այնպիսին, ինչպիսին եղել են նախորդ իշխանությունների օրոք: Ասել է թե` հանրությունը պատրաստ/պատրաստված չէ կոմպրոմիսի, եւ դա՝ ի հեճուկս կոմպրոմիսի շուրջ վարվող երկրարատեւ բանակցային գործընթացի:

1998 թվականին Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն: Հայաստանի Առաջին նախագահը չհաջողեց հայ հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու գործում և սեփական թիմի հետ կարգավորման հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց։

Սակայն նրանք, ովքեր ԼՂ հարցը շահարկելով իշխանության են եկան դրանից հետո, փոխզիջումների միջոցով կագավորման հասնելու՝ Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը քննադատելով, 1998-2018 թվականներին բանակցություններ են վարել նույն` փոխզիջումային տարբերակով հարցը կարգավորելու համար: Ավելին, նրանք նույնիսկ համաձայնել են փոխարինել բանակցային ֆորմատը` եռակողմից երկկողմանիի: Ինչը փաստացի օգնեց Ադրեբջանին փոխել հիմնախնդրի էությունը, եւ ներկայացնել հակամարտությունը ոչ թե նախկին ԼՂԻՄ-ի բնակչության` ինքնորոշման իրենց իրավունքի իրացման գործընթաց, այլ  տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրեբջանի միջեւ:

1999 թվականից սկսյալ, երբ Հայաստանում նախագահն արդեն Ռոբերտ Քոչարյանն էր, Լեռնային Ղարաբաղը՝ որպես պաշտոնական կողմ, դուրս մնաց բանակցություններից, եւ դրանից հետո բանակցային գործընթացը շարունակվել է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ:

Սակայն, ամենաուշագրավն այն էր, որ այս ամենին զուգահեռ, 1998-ի իշխանափոխության արդյունքում Հայաստանում իշխանության եկածները լիովին այլ քարոզչություն են իրականացրել, որը որեւէ ընդհանրություն չի ունեցել իրական բանակցային գործընթացի էության հետ: Բոլոր պաշտոնական ԶԼՄ-ներով նրանք շարունակել են մեղադրել Հայաստանի առաջին նախագահին պարտվողականության մեջ, իսկ Քոչարյանին, ապա նաեւ նրա քաղաքական ժառանգորդ Սերժ Սարգսյանին ներկայացրել են որպես «չզիջողներ», եւ որ հակամարտության կարգավորման փաստաթղթերը, որոնց շուրջ նրանք բանակցություններ են վարում, չեն ենթադրում տարածքային զիջումներ:

Այսինքն, ավելի քան 20 տարի (1998-ից հետո) Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իշխանությունների կողմից փաստացի հաստատված է եղել տեղեկատվական շրջափակում, իշխանությունները քաղաքացիներից միտումավոր թաքցրել են բանակցությունների էությունը եւ փոխարենը վարել են կեղծ քարոզչություն, որի էությունն այն էր, թե «քանի մենք իշխանության ենք, Ղարաբաղն ու շրջակա տարածքները մերն են»: Սակայն այդ քարոզչությունն ինքնանպատակ չի եղել, այն միջոց էր՝ կեղծված ընտրությունների միջոցով իշխանության ղեկին մնալու, երկրում մոլեգնող ապօրինություններն ու կոռուպցիան «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակով պայմանավորելու, երկրում առկա խնդիրների մասին չբարձրաձայնելու համար, «քանզի թշնամին տեսնում եւ ուրախանում է»: Այսինքն, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, իրենք իշխանության են եւ հարուստ:

Այդ քարոզչության արդյունքում հայ հանրության շրջանում արմատավորվել է այն կարծիքը, որ 1998-ից հետո բանակցային գործընթացը չի ենթադրել փոխադարձ զիջումներ, եւ որ հակամարտությունը, փաստացի, արդեն կարգավորված է:

Ըստ էության՝ նույնատիպ իրավիճակն է նաեւ Ադրբեջանում: Ադրբեջանի իշխանությունները (հատկապես՝ Իլհամ Ալիեւի իշխանամուտից հետո), ի հեճուկս բանակցային գործընթացի, իրենց հանրությանը երբեւէ չեն ասել այն մասին, որ խաղաղության հնարավոր է հասնել միայն փոխադարձ զիջումներով: Պաշտոնական հռետորաբանությունը մեկն էր ու անզիջում` Ադրբեջանը պետք է վերադարձնի ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի շուրջ  գտնվող 7 շրջանները, այլեւ՝ բուն նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, եւ որ ամենակարեւորն է, Ադրբեջանի իշխանությունները բացահայտ խոսել եւ խոսում են այն մասին, որ նրանք տարածքային հավակնություններ ունեն ներկայիս Հայաստանի Հանրապետության հանդեպ: Այդպիսի քարոզչության մթնոլորտում դժվար է պատկերացնել անգամ, որ սահմանի այն կողմում գտնվող մարդիկ կարող են մտածել հակամարտության կարգավորման մասին` կոմպրոմիսի ճնապարհով: Ինչը, ի դեպ, ակնառու ցույց տվեց 2016-ի ապրիլյան պատերազմը:

Արդյունքում, սահմանի այս եւ այն կողմում գտնվող մարդիկ այսօր, առավել քան երբեւէ, պատկերացում չունեն այն մասին, թե իրականում ինչի շուրջ են բանակցել իրենց իշխանությունները: Եւ այդ պատճառով էլ հակամարտության կարգավորումը պատկերացնում են «ամեն ինչ կամ՝ ոչինչ» սկզբունքով:  

Այսինքն, այդ քաղաքականությունը տարիներ շարունակ հուժկու զենք է եղել Ադբեջանի՝ գործող, եւ Հայաստանի՝ արդեն նախկին իշխանությունների համար՝ սեփական ոչ ժողովրդավարական կառավարումը երկարաձգելու հարցում: Չկարգավորված հակամարտությունը հնարավորություն է տվել իշխանություններին՝ ե՛ւ այնտեղ, ե՛ւ այստեղ, տարիներ շարունակ կեղծել ընտրությունները, մնալ իշխանության ղեկին, հարստանալ, սահմանափակել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
Հայտնի է, որ փոխզիջումնային տարբերակով իրական կարգավորման եւ խաղաղության հասնելու համար, ասել է թե` հանրությանը դրան նախապատրաստելու համար, արտաքին աջակցությունից զատ, կարեւոր է իշխանությունների լեգիտիմությունը: Ոչ օրինակարգ իշխանությունները, սովորաբար, երկարացնում են ստատուս քվոն:

Չնայած այն բանին, որ Հայաստանի բոլոր ղեկավարները ղարաբաղյան հարցում ունեցել են արտաքին աջակցություն, հակամարտությունը չի կարգավորվել:

Հայաստանի առաջին նախագահը իշխանությունից հեռացավ՝ հակամարտությունը կարգավորելու պատրաստակամության հարցում չհաջողելու պատճառով, իսկ Քոչարյանն ու նրա քաղաքական ժառանգորդ Սերժ Սարգսյանը կարգավորման համար չունեին ամենակարեւորը` ներքին օրինակարգությունը: Նրանք նաեւ չունեին հակամարտությունը կարգավորելու ցանկություն, քանի որ ներքին օրինակարգության բացակայության պայմաններում չկարգավորված հակամարտությունը եղել է միակ մեխանիզմը` իշխանության ղեկին մնալու համար:

Քոչարյանն ու Սարգսյանը Հայաստանի ղեկավար են դարձել երկուական անգամ, եւ բոլոր այդ ընտրությունները ոչ միայն վիճարկվել են այլ թեկնածուների կողմից, այլեւ նրանց պաշտոնամուտը տեղի է ունեցել իրենց «ընտրության» դեմ իրականացվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին:
Այդ ամենի ֆոնին, բնականաբար, նրանք չէին կարող Հայաստանի քաղաքացիներին ուղիղ ձեւով ասել այն մասին, որ իրենք էլ բանակացությունները վարում են փոխզիջումների շուրջ: Այսինքն, փաստացի՝ անում են այն, ինչ իրենց իսկ պաշտոնական քարոզչությունն անվանում էր «դավաճանություն»:

Իսկ եթե նրանք կամ նրանց կողմից նշանակված այլ բարձրատճան պաշտոնյաները արտասահմանյան ԶԼՄ-ների հետ զրույցում խոսում էին փոխզիջումների պատրաստակամության մասին, այդ ամենը հետո պաշտոնական քարոզչամեքենայի կողմից մեկաբանվում էր «անզիջողականության» հնարքի շրջանակներում:

Այսօր արդեն Հայաստանում այլ իրավիճակ է:
Հեղափոխության միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ունի հսկայական հանրային աջակցություն: Նրան լսում են, եւ դա կարող է ազդել հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այսինքն՝ այն, ինչի մասին, ըստ էության, խոսել է պարոն Բոլթոնը: Սակայն վարչապետ ընտրվելուց օրեր անց Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է շարունակել բանակցությունները, սակայն՝ միայն Հայաստանի անունից: Իսկ ահա Լեռնային Ղարաբաղի անունից, նրա խոսքով, պետք է խոսեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները: Այսինքն, պետք է վերկանգնվի բանակցությունների եռակողմ ֆորմատը:

Ղարաբաղը, որպես հակամարտության կողմ, ոչ միայն ստորագրել է 1994 թվականի հրադադարի հաստատաման մասին համաձայնագիրը, այլեւ փաստացի հակամարտության կողմ է ճանաչվել (Հայաստանի հետ միասին) ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում եւ ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանմամբ:

1999 թվականից սկսված, սակայն, Լեռնայի Ղարաբաղը, առանց որեւէ փաստաթղթային համաձայնության, դադարել է մասնակցել բանակցային գործընթացին` որպես հակամարտության կողմ:

Այսինքն՝ այսօր իրավիճակը միանաշանակ չէ: Մի կողմից՝ միջնորդները հասկանում են, որ Փաշինյանի հսկայական հանրայի աջակցությունն ու օրինակարգությունը պատմական շանս է բանակցային գործընթացում բեկման հասնելու համար, մյուս կողմից` Փաշինյանի դիրքորոշումն էլ է հստակ` բանակցությունների եռակողմ ֆորմատը պետք  է վերականգնվի: Փաշինյանն, ի տարբրոյթյուն իր նախորդների, ցանկության դեպքում կարող է (նա ունի բավարար հարային ռեսուրս) «համոզել» Հայատանի քաղաքացներին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փոխադարձ զիջումներով, հատկապես՝ եթե հաշվի առնենք այն փաստը, որ այսօր բոլորը Հայաստանում խոստովանում են, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով նա Խորհրդարանում օրինակարգ մեծամանսություն է ունենալու:

Դա բանակցային գործընթացում կարող է իրապես բեկումնային դառնալ, սակայն դրա համար միջնորդները, իրեց հերթին, պետք է համոզեն Ադրբեջանի իշխանություններին՝ համաձայնելո վերականգնել բանակցությունների եռակողմ ֆորմատը: Այդ դեպքում հնարավոր է բանակցային գործընթացում հասնել իրական առաջընթացի, որը տեղի կունենա ոչ թե որպես տարածաշրջանային իրադարձությունների եւ մարտահրավերների մաս կամ այդ իրադարձությունների եւ մարտահրավերների տրամաբանության մեջ, այլ որպես առանձին իրադարձություն, որը, առաջին հերթին՝ անհրաժեշտ է Հայաստանին, Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին:
Հակառակ դեպքում բանակցային գործընթացը կհայտնվի փակուղում: Հատկապես՝ եթե հաշվի առնենք այն, որ այսօր Փաշինյանը չափազանց բարձր օրինակարգություն ունի ե՛ւ փոխզիջումների, ե՛ւ անզիջում դիրքորոշման ու Լեռնայի Ղարաբաղի անունից չբանակցելու հարցում անհամաձայնության համար: Պահն, իրապես, պատմական է, առաջընթացի համար, սակայն այս փուլում հերթը միջնորդներինն է:  

Ինչ պետք է անել խաղաղ օրակարգի ստեղծման եւ հանրության ներգրավմամբ` փոխզիջման հասնելու համար.

-Իշխանությունների բարձր օրինակարգություն:

-Սահմանից այս ու այն կողմ իշխանությունների թափանցիկություն: Իշխանությունները պետք է հնարավորության սահմաններում չթաքցնեն իրեց հանրություններից, թե ինչի շուրջ են բանակցություններ վարում:

-Բոլոր կողմերի իշխանությունները պետք է դադարեն օգտագործել ԼՂ հակամարտությունը ներքաղաքական նպատակներով, իրենց իշխանավարման երկարաձգման համար եւ բանակցությունների էության վերաբերյալ մանիպուլյատիվ-կեղծ քարոզչությունը, քանի որ այդ ամենի ֆոնին չտեղեկացված հանրությունը երբեք պատրաստ չի լինի խաղաղության, եւ կամ ստատուս քվոն (ոչ պատերազմ –ոչ խաղաղությունը, երբ բոլոր կողմերից էլ բազմաթիվ զոհեր են արձանագրվում) կտեւի «հավերժ», կամ` լուծումը կլինի պատերազմը:

-Միջնորդները չպետք է իրենց վրա վերցնեն պատասխանատվության ամբողջ բեռն ու լինեն բանակցությունների մասին տեղեկատվության հաղորդման միակ աղբյուրը, կողմերի իշխանությունները պետք է ներգրավված լինեն քաղաքացիների իրական տեղեկացվածության գործընթացին, հակառակ դեպքում՝ բանակցային գործըթնացի էության մասին բաց խոսելու՝ միջնորդների բոլոր փորձերն ինչպես ունեցել են, այնպես էլ ունենալու են հակառակ արդյունքը:  

- Հայաստանում, Ղարաբաղում եւ Ադրբեջանում հանրություններին խաղաղության նախապատրաստելու համար GPPAC-ի եւ այլ խաղաղարար ՀԿ-ների մոտեցումները իրապես կարող են արդյունավետ լինել, եթե դրանք նպատակաուղղված լինեն ոչ թե փոխզիջումների անխուսափելիության քարոզին  (քանի որ հակառակ քարոզչության ֆոնին դա ոչ միայն չի աշխատում, այլեւ թշնամաբար է ընկալվում) այլ մարդկանց` բանակցությունների վերաբերյալ տեղեկացվածությանը` սկսյալ 1994 թվականից: Քանի դեռ մարդիկ չեն տեղեկացվել, թե ինչի շուրջ են բանակցում իրենց իշխանությունները, եւ թե իշխանությունները, իրենց մանիպուլյացնելով` մի բան են ասում, բանակցում այլ բանի շուրջ, ապրելու են այդ քարոզչության ներքո: Դա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն պատրաստ չեն լինի կարգավորմանը, այլեւ իրական պայմանավորվածությունների պարագայում հնարավոր չի լինելու կանխատեսել եւ հաշվարկել նրանց հնարավոր արձագանքը: Մոտեցումներն ավելի եւ իրապես արդյունավետ կլինեն, եթե միտված լինեն իշխանությունների հանդեպ տեղեկատվական ճնշում գործադրելուն`մարդկանց` բանակցությունների վերաբերյալ տարիների ճշմարտությունը պատմելու համար:


Քրիստինե Խանումյան

Հոդվածը պատրաստվել է  Վրաստանում գործող International Centre on Conflict and Negotiation (ICCN) կազմակերպության համար: