21.11.2018 16:16

ՀՀԿ-ականների առաջին ընտրությունները

ՀՀԿ-ականների առաջին ընտրությունները

Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի մեծ մասը իրականում առաջին անգամ է մասնակցում ընտրությունների: Սա կատակ չէ: Սա դառը իրականություն է: ՀՀԿ ցուցակում ընդգրկված հատկապես այն ներկայացուցիչները, որոնք ՀՀԿ-ական են դարձել վերջին 15-20 տարվա ընթացքում, երբեւէ իրական քարոզարշավի չեն մասնակցել: Այդ կուսակցությունը մասնակցել է ընտրություններին, քարոզարշավ է իրականացրել իբր թե, բայց իրականում ամեն բան եղել է կեղծ, բեմականացված ու իրական կյանքի հետ որեւէ աղերս չունեցող: ՀՀԿ-ական թեկնածուներին տարել են մարզից մարզ, Երեւանի այս կամ այն համայնքը, նրանք ելույթներ են անգամ ունեցել, բայց նրանց ներկայությունը եղել է բացառապես բուտաֆորիկ, նրանք ՀՀԿ-ի կազմակերպած ընտրություններում ու քարոզարշավում կատարել են դեկորացիայի դեր, որովհետեւ ֆեյք էին ե՛ւ նրանց կազմակերպած քարոզարշավները, ե՛ւ ընտրությունները: Իրական «գործն» անում էին «սեւագործները». թաղի խուժանը, պետապարատում աշխատող պաշտոնյաները, գործարարները եւ այլն:

Նրանք ֆեյք քարոզարշավի համար մարդ էին «մատակարարում», որոնց բերում էին՝ անկախ այն բանից, թե բեմում կանգնած դեկորացիաները ինչ ելույթներ են ունենում, նրանք էին ֆեյք քարոզարշավին զուգահեռ ընտրողներին «հավաքագրում», եւ ապա քվեարկության օրը հենց նրանք էին «իրական» ընտրությունները կազմակերպում: Իսկ դեկորացիաներին վերապահված էր հենց դեկորացիաների դեր. գնալ կանգնել բեմում, խոսել, նկարահանվել, եւ այդ ամենը՝ միայն մի նպատակի համար. քաղաքացիներին եւ միջազգային կառույցներին ցույց տալու, թե երկրում ընտրություններ են տեղի ունենում: Դա պետք էր որպես շիրմա: Ընդամենը:

Եւ այդ ամենի պատճառով հեչ կարեւոր չէր՝ ինչ կարգախոսով էր այդ կուսակցությունը մասնակցում ընտրություններին, ինչ հարցազրույցներ են տալիս թեկնածուները, ինչ ելույթներ են ունենում, ինչ գրառումներ են կատարում սոցցանցերում: Դա իրենց ստանալիք ձայների վրա որեւէ ազդեցություն չէր ունենում:

Բայց հիմա ամեն ինչ այլ է: Նոր պայմաններում ՀՀԿ-ականները բախվել են մարդկանցից, հենց ՀՀ քաղաքացիներից ձայներ ակնկալելու խնդրի առաջ եւ իրականում չգիտեն՝ ինչ անել: Հիմա այդ մարդիկ ստիպված պետք է մտածեն կարգախոսի մասին, ելույթների բովանդակության մասին, հարցազրույցների ասելիքների մասին, թեմաներ պիտի փնտրեն, թե ինչի շուրջ կարելի է խոսել քաղաքացիների հետ, ավելին, հիմա նրանք ստիպված պիտի լինեն խոսե՛լ մարդկանց հետ: Այսինքն՝ նրանք, ըստ էության, այս ընտրությունների իրական նորեկներն են, անփորձները: Եւ հենց դրանով է պայմանավորված, որ փորձում են կրկնօրինակել ուրիշներին, ուղիղ եթեր են մտնում՝ կարծելով, թե հաջողության գաղտնիքը հենց ուղիղ եթերի մեջ է, եւ ոչ թե ասելիքի, քննադատություններ են հնչեցնում, որոնք հանրության շրջանում միայն ծիծաղ են առաջանում ու հումորների թեմա դառնում:

Եվ այդ մարդիկ չեն հասկանում, որ գաղտնիքը քննադատության մեջ չէ, այլ՝ թե ով է քննադատում, ինչ հիմքով: Հանրապետականներն այնքան են ապրել կեղծ իրականության մեջ, որ հայտնվելով իրական իրականության մեջ՝ ցայտնոտնի մեջ են ընկել: Ու հենց դա է պատճառը, որ իրենց սխալներն ընդունելու, ներողություն խնդրելու ու վերափոխվելու խոստումներ տալու փոխարեն, իրենց ուսերին են քաշել ընդդիմադիրի վերմակը՝ չհասկանալով, որ իրենց այդ վարքով է՛լ ավելի դժվար կացության մեջ են հայտնվում, որովհետեւ եթե նախկինում ատելության թիրախ էին, այսօր ծաղրի թիրախ են դարձել:

Քրիստինե Խանումյան