22.11.2018 16:21

Արսեն Գրիգորյան. Ինտրիգի փնտրտուք

Արսեն Գրիգորյան. Ինտրիգի փնտրտուք

Թվում է, թե այս ընտրությունները զրկված են ինտրիգից: Կամ միակ ինտրիգն այն է, թե որ քաղաքական ուժն է զբաղեցնելու երկրորդ տեղը: Սակայն բոլոր ինտրիգներն առջեւում են: Դրանք, իհարկե, չեն ենթադրում, որ ինչ-որ հրաշքով քարոզարշավին անձամբ կխառնվեն նախորդ երկու նախագահները: Չեն ենթադրում նաեւ, որ ընտրողն ինչ-որ հրաշքով «Իմ քայլը» դաշինքին չի տա իր քվեն իշխանություն լինելու համար:

Սպասվող ինտրիգներն իրենք իրենցով փոքր զվարճանքներ են, որոնցում արդեն ահռելի ինտրիգի էֆեկտ կունենա սոսկ այն փաստը, որ ինչ-որ մեկը փող է բաժանում, կամ ծեծել են այսինչ թեկնածուին:

Առաջին ինտրիգը քարոզչությունն է: Ընտրողը գիտի, որ քաղաքական ուժերը չեն ստելու այն կանխավարկածով, որ, մեկ է, անցնելու են խորհրդարան: Հիմա նրանք ստիպված են իսկապես գաղափարներ ներկայացնել: Մեծ մասը հաստատ դժվարություն է ունենալու:

Երկրորդ ինտրիգը ինքը ընտրողն է՝ ի՞նչ սկզբունքով է նա կատարելու իր ընտրությունը: Նա հենման կետ չունի: Երիտասարդ ընտրողը հեղափոխության էյֆորիայի տակ է, նրան գաղափարները հավելյալ ազդակ չեն տա, մյուս տարիքների ընտրողները կանգնելու են փաստի առաջ՝ նրանք իշխանությունից սպասում են սոցիալական երաշխիքներ, որոնք չեն ստանալու: Ոչ թե այն պատճառով, որ իշխանությունն ապաշնորհ է, այլ որ հնարավորություններ չկան:

Երրորդ ինտրիգը բնականաբար քրեական գործերն են, որոնք ընտրողին կերակրող նշանակություն կունենան: Այդ գործերը շարւնակելու են պատմել, թե ինչու ենք մենք 20 տարի վատ ապրել:

Չորրորդ ինտրիգը, ըստ էության, ընտրության հիմնական հմայքներից է լինելու՝ ռեյտինգային թեկնածուների կրեատիվ քարոզարշավը: Թվում է, թե ասելու բան չկա՝ ՀՀԿ-ն չի համոզի, ԲՀԿ-ն երկրորդ ուժը լինելու հավակնությամբ չի կարող խոստանալ իշխանության ախորժակով բարիքներ, համենայնդեպս նրան էլ չեն հավատա: Սակայն ռեյտինգային թեկնածուներից յուրաքանչյուրը պատմելու է, թե ինչպիսի պատգամավոր է պատրաստվում լինել: Այստեղ ինտրիգը թեկնածուի հետ ընտրողի անկեղծության մեջ է՝ դու պատրաստվում ես ինքդ լավ ապրե՞լ, թե անելու ես այնպես, որ մենք լավ ապրենք: Այս ընտրություններում քաղաքական ուժերի՝ միմյանց հանդեպ մեղադրանքներ չեն հնչի, եթե ՀՀԿ-ն ամբողջ բոյով չկանգնի ընտրողի առաջ:

Հինգերորդ, մենք դեռ կլսենք ոչ ՀՀԿ-ի ցուցակով ընտրություններին մասնակցող որոշ թեկնածուների մութ կերպարների մասին, այն մասին, թե ինչ դեր են նրանք խաղացել նախորդ իշխանությունների օրոք: Այսինքն, անհատական մեղադրանքների պակաս չի լինի:

Վեցերորդ ինտրիգ է լինելու դիտորդական առաքելությունների կսմթոցները իշխանություններին, որոնք արդեն իսկ կսմթոցի թեմա ունեն հանձին վարչապետի պաշտոնակատարի մարզային հանդիպումների: Արդեն իսկ  յոթերորդ ինտրիգը վերաբերվելու է զինվորների քվեարկությանը:

Ըստ իս, այս ընտրությունների գլխավոր ինտրիգը կդառնա լրագրողների շփոթվածությունը՝ ինչպե՞ս գտնել ինտրիգ: Նա պիտի գտնի «մատակարարին»: Իսկ քանի որ մասնակիցների մեծ մասն անփորձ է, մատակարարը կգտնվի: