22.11.2018 17:08

Լիզա Ճաղարյան. Տղամա՛րդ են, թախտի տակից դուրս չեն գալու

Լիզա Ճաղարյան. Տղամա՛րդ են, թախտի տակից դուրս չեն գալու

«Մե՛ք անհանգստանա, մե՛ք անհանգստանա», - լրագրողի հարցին ի պատասխան՝ նյարդային ջղակծկումը չկարողանալով թաքցնել, նետեց Վահրամ Բաղդասարյանը։

Այսինքն, ՀՀԿ-ի այս կարկառունն ուզում է ասել՝ մեզ համար մի՛ անհանգստացեք, մեր գործերը շատ էլ լավ են, դե՛ կտեսնեք, թե դեռ ինչեր ենք անելու։

Այս նույն մարտավարությունն են որդեգրել ՀՀԿ-ական բոլոր կարկառունները։ Թե իրենք ինչ են դրել այս «ազդեցիկ» մարտավարության անունը, հետաքրքիր չէ։ Հանրության մի հատվածի համար սրանց այս հնդկահավային կեցվածքը խղճալի է, մի հատվածի աչքին էլ՝ զավեշտալի։

Հենց սկզբից անհեթեթ որոշում են կայացրել՝ մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին, եւ քանի որ արդեն իսկ կայացված է այդ ինքնակործան որոշումը, ուրեմն՝ այլ ճանապարհ չկա, պետք է ձեւացնեն, որ իրենք դեռ թամբին են, ունեն անհրաժեշտ ընտրազանգված՝ կրկին ԱԺ սողոսկելու համար, եւ այս ընտրազանգվածին հիշեցնում են, թե ինչ փառահեղ ճանապարհ է անցել ՀՀԿ-ն, ինչպիսի պատմական եւ տնտեսական հաջողությունների է հասել ռոբասերժական տարիների ընթացքում, եւ թե որքան փորձառու են իրենք՝ ի հակառակ նոր իշխանության։

Չե՞ն գիտակցում, թե իրենց մերկապարանոց պոռոտախոսությունը որքան անիմաստ է այս օրերին, թե՞ բոլորիցս էլ լավ են գիտակցում, բայց ուրիշ ելք չունեն։

Լրագրողի հարցին, թե քարոզարշավային ինչ մարտավարություն են ընտրել ՀՀԿ-ականները, այս նույն Վահրամ Բաղդասարյանի պատասխանը, ըստ որի՝ հիմնականում իրենց խոսքն ընտրողներին են հասցնելու լրատվամիջոցների ու համացանցի միջոցով, հուշում է, որ հիանալի գիտակցում են։ Գիտակցում են, օրինակ, որ իրենց փորձառությունը հանրության աչքի առջեւ օրուգիշեր թափահարելը ոչ միայն ծիծաղելի է, նաեւ հիշեցնում է իրենց «անփոխարինելիության» մասին իշխանավարության տարիների ամբարտավան ճառերը։ Եվ եթե հայտնվեն հանրությանը դեմ առ դեմ, հայհոյանքներ ու սուլոցներ «վաստակելուց բացի, անպայման կգտնվեն նաեւ սառնասիրտ հակադարձողներ՝ էդ ձեր փորձառությունը մանկապարտեզի՞ց եք հետներդ բերել, թե՞ տարիների ընթացքում եք ձեռք բերել։ Կամ՝ եթե այդչափ փորձառու էիք, սա նշանակու՞մ է, որ գիտակցելով եք ավերել ու թալանել երկիրը։ Կամ՝ ձեր փայլուն տրամաբանությանը եթե հետեւենք, ուրեմն ցանկացած իշխանություն պետք է հավերժ իշխի՝ որդոց որդի, որովհետեւ, ուզի թե չուզի՝ ամենափորձառուն է, էլ էդ ձեւական ու խայտառակ ընտրություններն ինչի՞ էիք անցկացնում, էն գլխից Սերժիկ Սարգսյանին հռչակեիք ցմահ պախան, դուք էլ շարունակեիք ձեր ստորաքարշ ճառերն ասել արեւաճաճանչափայլի անփոխարինելիության մասին։

Բերածս օրինակն ամենամեղմերից էր։ Թե ինչեր կարող են կատարվել, եթե այս նույն Բաղդասարյան Վահրամն ու մնացած «փորձառուները» դուրս գան մարդամեջ ու սկսեն մեծախոսել այնպես ու այնքան, ինչն անում են ԶԼՄ-ների ու համացանցի միջոցով, չարժե մանրամասնել, մանավանդ որ՝ եթե ընտրել են այս «անշառ» ճանապարհը, ուրեմն իրենք էլ են հասկանում, թե ինչ «հաճելի անակնկալների» են բախվելու։

Իսկ կարող էին, չէ՞, իրենց քաղաքական ամոթալի կենսագրության ընթացքում գեթ մեկ անգամ ճիշտ օգտագործել իրենց փորձառությունը՝ սսկվել ու անհետանալ քաղաքական դաշտից՝ հուսալով, որ տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիների ատելությունը կնվազի իրենց նկատմամբ, եւ գուցե մի օր հնարավորություն կունենան կրկին քաղաքական դաշտ վերադառնալու՝ մի քանի հատոր «մեղայական» թեւատակերին դրած։

Չէ, չեն կարող։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ էդ «ամոթի զգացում» ասվածը։ Դե՛ չունեն, ի՞նչ արած, էդպես էլ է պատահում։

Աշոտյան Արմենի ականջը կանչի. ով չիմանա-չիմանա, ինքը շատ լավ գիտի, թե հասարակությունն ինչպես է ճամփում նման պնդերեսներին։