26.11.2018 16:10

Իշխանությունը պետք է տոն տա քաղաքական քարոզարշավին

Իշխանությունը պետք է տոն տա քաղաքական քարոզարշավին

Այսօր մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Ու թեեւ արդեն իսկ ակնհայտ է, թե որ քաղաքական ուժն իր արշավի հիմնական մեսիջն ինչի վրա է կառուցելու, այդուհանդերձ՝ աներբկա է, որ քարոզարշավի հիմնական «տոն տվողը», ինչպես միշտ ու ամենուր, եղել է եւ կա իշխանական ուժը: Այդ ուժն է որոշում, թե արշավն ինչ ոճով ու բովանդակությամբ ընթանա, հատկապես՝ եթե այն ակնհայտորեն հաղթող ուժն է՝ արդար ու թափանցիկ ընտրություններով:

Այս ընտրություններին մասնակցող ուժերի հիմնական մասը ակնհայտորեն պոպուլիստական տրամադրությունների մեջ է՝ «նախընտրական շրջանում ինչ ուզենք, կարող ենք ասել», «հիմա մեծ-մեծ խոսենք, հետո կանցնի-կգնա», «ընտրություններից առաջ կարելի է ամեն բան ասել» հետեւողական  եւ համառ ոճով:

Բոլորը խոսում են «պետք է այսպիսին դառնանք», «պետք է այնպիսին դառնանք», «պետք է հասնենք սրան», «պետք է հասնենք նրան», տնտեսությունը զարգանա, բյուջեն ավելանա, արդարդություն լինի եւ այլն, սակայն, ըստ էության, բովանդակային ոչինչ չեն առաջարկում եւ չեն ասում, թե այդ ամենին ինչպես պետք է հասնել: Որովհետեւ ասելիք քիչ կա: Ու ասելիքի բացակայությամբ պայմանավորված՝ ոմանք արդեն ծայրահեղությունների գիրկն են ընկել՝ Նախիջեւանը գրավենք, Արարատը հետ բերենք, ոմանք էլ կեղծ թիրախներ ու մարտահրավերներ են հորինել ու պայքարում են գոյություն չունեցող մարտահրավերների  դեմ՝ ԼԳԲՏ, ավանդական արժեքների պահպանում եւ այլն:

Եւ դա, ըստ էության՝ ձեռ է տալիս այդ ուժերին, որովհետեւ իրական ասելիքը հիմնավորում է պահանջում եւ, հետեւաբար՝ գործելու պատասխանատվություն եւ արվելիք քայլերի հերթականության ու հետեւանքների գիտակցում:

Ու այդ պայմաններում իշխանությունները կրկնակի պարտավոր են քաղաքականացնել, ավելի քաղաքականացնել եւ առավել քաղաքականացնել քարոզարշավը:  

Հասկանալի է, որ հեղափոխությունը թեեւ արդեն իրականություն է, բայց դեռ կան դիմադրության որոշակի օջախներ, որոնց հնարավոր է «չեզոքացնել» միայն խորհրդարանում մեծամասնություն ունենալով: Հասկանալի է, որ ԱԺ արտահերթ ընտրություններն այս առումով առանցքային են, եւ բնական է, որ իշխանական քարոզչությունն այս ընթացքում որոշակի հեղափոխական տարրեր պետք է ունենա: Բայց ոչ ամբողջական:

Եւ պատճառն էլ պարզ է՝ ակնհայտ է, որ Փաշինյանի քաղաքական ուժը մեծամասնություն է ունենալու ապագա խորհրդարանում: Բայց շատ կարեւոր է նաեւ, թե ուրիշ ինչ ուժեր կանցնեն ԱԺ: Եւ այսօր, երբ սպասվում է, որ ընտրությունները անցնելու են արդար ու թափանցիկ, որ կեղծիքներ չեն լինելու, դա կախված է իշխանություններից, այսինքն՝ թե քարոզարշավին ինչպիսի տոն է տալու Փաշինյանի ուժը: Ու եթե իր քաղաքական ասելիքում այն ամուր է, ապա պետք է սեփական օրինակով ստիպի մյուսներին՝ դուրս գալ պոպուլիզմի դաշտից, խոսել քաղաքական լեզվով ու ծրագրերի մասին, եւ այսպիսով թույլ չտալ, որ մյուսները խաղան մարդկանց հուզող նուրբ հարցերի վրա: Սա շատ կարեւոր է: Բոլորը սպասում են (դե, բնականաբար՝ բացի նախկին իշխանություններից), որ այդ ընտրությունները կլինեն «մաքուր», որ ում մարդիկ ձայն տան, նրանք էլ կանցնեն խորհրդարան: Իշխանությունները ստանձնել են այդ պարտավորությունը եւ խոստացել են այն իրականություն դարձնել, եւ դա շատ լավ է: Բայց պակաս կարեւոր չէ նաեւ, որ իշխանությունները ստանձնեն նաեւ արշավի քաղաքական որակի պատասխանատվությունը:

Արսեն Պողոսյան