27.11.2018 13:15

Չվախեցնող իշխանությունը թույլ չէ, օրենքն է ամենազորը

Չվախեցնող իշխանությունը թույլ չէ, օրենքն է ամենազորը

«Հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք, որպես անվտանգության գոտի, ներկայում զբաղեցված են: Այսինքն՝ այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիները ասում են, որ դրանք օկուպացված են ադրբեջանական յոթ շրջաններ: Մենք թողնում ենք այդ շրջանները, հեռանում ենք»:

Սա մի հատված է 2016 թվականի նոյեմբերի 17-ին Դմիտրի Կիսիլյովին  Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից:

Իհարկե, սա Սարգսյանի՝ նմանօրինակ միակ հայտարարությունը չէր: Բայց վերջիններից էր, որտեղ Սարգսյանը բացահայտում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման էությունը: Այս նախադասությունը Սարգսյանը մեջբերում է Կազանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման խոսակցությունից, որտեղ, ինչպես ինքն է պնդում՝ մոտ են եղել փաստաթուղթը ստորագրելուն: Իսկ փաստաթղթի էությունն այն էր, ինչ ինքը մեջբերում է: Սակայն քանի որ ադրբեջանական կողմը նոր պայմաններ էր առաջ քաշել, ստորագրումը վիժեցվել էր:

Իսկ հիմա փորփրեք, քրքրեք համացանցը, մամուլը: Փորձեք գտնել գեթ մեկ՝այսօր արդեն նախկին պաշտոնյայի Հայաստանում եւ գործող որեւէ պաշտոնյայի Արցախում, որն այս հայտարարությունից հետո համարձակվել է քննադատել այդ հայտարարությունը: Լավ, չքննադատել, բայց մի թեթեւ թթու խոսք ասել: Չեք գտնի: Չի եղել այդ պահի դրությամբ ոչ մի պաշտոնյա, ոչ մի գեներալ, ոչ մի մերձիշխանական գործիչ, որ հրապարակավ ասած լիներ՝ էս ի՞նչ ես անում, էս ի՞նչ ես ասում: Չի եղել, ո՛չ այդ պահի դրությամբ, երբ Սարգսյանը բաց խոսում էր, ո՛չ այն պահի, երբ Սարգսյանը գնում էր Կազան՝ համաձայնությամբ, ո՛չ նմանատիպ այլ պահերի դրությամբ: Չի եղել՝մի պարզ պատճառով. անկախ այն բանից՝ ինչ աներ կամ ասեր  Սարգսյանը կամ նրա նախորդ Քոչարյանը, այդ մարդիկ վախեցել են խոսել, որովհետեւ գիտեին, թե որտեղ կհայտնվեին, եթե խոսեին, ինչից կզրկվեին իրենք էլ, իրենց հարազատներն էլ:

Ու սա չափազանցություն չէ: Սա էր տարիներ շարունակ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում տիրող վախի մթնոլորտի պարզ արտահայտումը: Այդ բոլոր մարդիկ մի ընտրություն ունեին՝ կամ խոսել, ու հեռանալ իշխանությունից, կամ՝ չտեսնելու ու չլսելու տալ, մնալ իշխանության մեջ, իրենց մեծ կամ փոքր վարձքն ստանալ ու այդպես գլորել տարիները:

Երեկ Սասուն Միքայելյանը մի սխալ, շատ անհաջող ձեւակերպում արեց՝ Արցախյան պատերազմի ու հեղափոխության համեմատությամբ: Սխալ, շատ վատ համեմատություն ու ձեւակերպում էր: Բայց հարցն այն է, որ այդ հայտարարությանը, իրար հերթ չտալով, հաջորդեցին տարատեսակ մեկնաբանություններ՝ էլ հանրապետականներից, էլ դաշնակցությունից, էլ այլ քաղաքական ուժերից, էլ Լեռնային Ղարաբաղի գործող պաշտոնյաներից. «ելույթներ քաջաց, քննադատություն՝ խրոխտ, ըմբոստ»: Մի խոսքով, խոսեցին բոլոր նրանք, ովքեր մինչեւ հիմա լուռ էին: Նրանք, ովքեր առանց իրենց վերադասի հրահանգի՝ անգամ արդեն հաստատված տեղեկությունները վախենում էին հաստատել: Ովքեր վախենում էին անգամ սոցիալական ցանցերում նախկինների գծից դուրս որեւէ բան հավանել:

2008 թվականի սպանդի միջոցով իշխանության եկած Սերժ Սարգսյանը, որ արդեն հայ-թուրքական հաշտեցման գործընթացի մեջ էր ու նաեւ ԼՂ հարցի կարգավորման ինտենսիվ բանակցությունների մեջ, այցելում է Ստեփանակերտ՝ տեղի իշխանություններին ներքին տեղեկատվություն փոխանցելու: Եւ ահա այդ օրերին ամբողջ Ստեփանակերտը խոսում էր, որ տեղի ազատամարտիկներին լուր էր հասել կարգավորման մասին, եւ նրանք, կարծես նոր իմացած, որ կարգավորումը ենթադրում է տարածքային զիջումներ, հավաքվում են նախագահական նստավայրի մոտ՝ բողոքի ցույց անելու: Բայց ցույց, որպես այդպիսին՝ չի էլ տեղի ունենում, որովհետեւ տեղի իշխանությունները, ոստիկանական ուժերով, համոզում են ազատամարտիկներին աղմուկ չանել, եւ ազատամարտիկները ցրվում են իրենց տները:

Ղարաբաղի ոչ մի գործող պաշտոնյա կամ գեներալ երբեք  բողոքի ձայն չի բարձրացրել առ Ռոբերտ Քոչարյանը, թե՝ ինչու մեզ դուրս թողեցիր բանակցային գործընթացից: Նրանցից ոչ մեկը երբեք չի բողոքել, թե ինչու Սերժ Սարգսյանը, առանց Ղարաբաղի, Ադրբեջանի հետ ստորագրեց Մայնդորֆյան փաստաթուղթը: Նրանցից ոչ մեկը երբեք չասաց՝ ո՞նց թե, պարոն Սերժ Սարգսյան, էդ ի՞նչ ես ասում, ո՞նց թե՝ Աղդամը մեր հայրենիքը չէ: Նրանք միշտ լռել են, որովհետեւ դա իրենց ձեռնտու էր: Ընդամենը: Իսկ հայրենասիրական ճառերն ընդամենը կեղծ քողածածկույթ էին, քարոզչական հնարք՝ իրենց լռությունն ու դրանով պայմանավորված բարեկեցությունը արդարացնելու համար:

Եւ հիմա այդ մարդիկ խոսում են: Որովհետեւ Հայաստանի իշխանությունը չի վախեցնում իրենց այլեւս, դե իրենք էլ ախր այլ լեզու չեն հասկանում, տարիներով այդպես են աշխատել: Ուստի մտածում են՝ չվախեցնող իշխանությունը թույլ իշխանություն է, իսկ թույլ իշխանության հետ կարելի է խոսել ինչպես կամենաս: Ի՞նչ պետություն, ի՞նչ պետականություն:

Պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի հայտարարությունը սխալ, շատ սխալ էր ձեւակերպված, բայց նրան այսօր քննադատում են նրանք, ովքեր Արցախյան հաղթական պատերազմի տարիները բոլոր քարոզչամիջոցներով անվանել են մթի ու ցրտի տարիներ, Հայաստանի առաջին նախագահի ավանդն այդ հաղթանակում ուրանալու ու մոռացության տալու համար՝ մի ամբողջ պետություն էին դրել հարվածի տակ՝ կեղծելով անգամ սեփական երկրի պատմությունը: Խոսում են այն մարդիկ, ովքեր 2008-ին կեղծ քարոզչություն էին իրականացնում զինվորների շրջանում, թե գալիս են «Ղարաբաղը ծախողները», եւ հանուն իրենց ներքաղաքական շահի՝ զինվորին սահմանից բերում էին Երեւանի կենտրոն:

Խոսում են, որովհետեւ այլ լեզու չեն հասկանում՝ միայն ուժի լեզուն: Բայց նրանք մի բան չեն ընկալում՝ ուժեղ է ոչ միայն վախեցնող իշխանությունը, ամենաուժեղը՝ օրինակարգ ու ժողովրդի աջակցությունն ունեցող իշխանությունն է: Եւ օրենքը: Օրենքն ամենաուժեղն է, օրենքի հարվածն ավելի ուժեղ կարող է լինել, քան նախկին իշխանությունների օրոք հատուկջոկատայինների հարվածները: Եւ ինչո՞ւ է նրանց բոլորին թվում, որ եթե ԱԱԾ-ն ու հատուկջոկատայիններն արդեն իրենց չեն սպառնում, ուրեմն իրենց ոչինչ չի սպառնում, ու իրենք այլեւս օրենքից վեր են: Ինչո՞ւ են նրանք թերագնահատում օրենքի ուժը:

Քրիստինե Խանումյան