27.11.2018 17:43

Լիզա Ճաղարյան. ՀՀԿ-ականները «սատարում են» Նիկոլ Փաշինյանին

Լիզա Ճաղարյան. ՀՀԿ-ականները «սատարում են» Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու որոշումը կայացնելիս, շատ «փորձառու», «հեռատես» եւ «իմաստուն» ՀՀԿ-ականները դժվար թե պատկերացնեին, որ իրենց այդ անհեթեթ որոշումն ակամա աջակցություն է միմիա՛յն «Իմ քայլը» դաշինքին ու Նիկոլ Փաշինյանին։

Հասարակության այն հատվածը, որ աներկբա սատարում էր այս հեղափոխական ուժին, որովհետեւ հենց այս խմբին հաջողվեց ոտքի հանել հասարակությանը եւ տապալել ռոբասերժական կլանին ու նրանց կամակատար հանրապետականներին, սատարում էր անկախ այն իրողությունից՝ համակրում էր այս ուժի առաջնորդին, թե առանձնապես չէր համակրում, համամիտ էր նրանց բոլոր տեսակետներին ու քայլերին, թե մասամբ էր համամիտ, խորհրդարանի լուծարումից հետո թեթեւացած շունչ քաշեց, մտածեց, որ վերջապես ազատվեց թալանչիներից, մարդասպաններից ու քրեական հանցագործներից, եւ արդեն հանգիստ խղճով կարող է նաեւ լիաթոք բարձրաձայնել նոր ձեւավորված իշխանության վրիպումներն ու սխալները։

Հանրապետականների «թեթեւ» ձեռքով այս բնական եւ անհրաժեշտ նպատակը հետաձգվեց։

Հիստերիկ ջղակծկումներով, ամբարտավան կեցվածքով, լկտի պոռոտախոսությամբ, «տղավարի» բարբաջանքներով, վաղուց մոռացված «կոմսոմոլի հրահանգչի» տհաճ հոտով քարոզարշավին մասնակցող հանրապետականներն «ուշքի բերեցին» շտապողներիս, անթաքույց հասկացրին, որ Սարգսյան Սերժիկի ու Քոչարյան Ռոբերտի հանցախումբը՝ Հայաստանից մինչեւ Լեռնային Ղարաբաղ, դեռ կենդանության նշաններ է ցույց տալիս, իսկ սրանց «կենդանության» կենդանական բնույթը դեռ շատ թարմ է Հայաստանի քաղաքացիների հիշողության ծալքերում։

Կրկին Ազգային ժողով խցկվելու մտադրությամբ ասպարեզ ելած ՀՀԿ-ականները կանխորոշեցին ընտրարշավի ընթացքը։ 

Թեկուզեւ չնչին վտանգը, որ ՀՀԿ-ականների որոշ փշուրներ կարող են հայտնվել խորհրդարանում, լիուլի բավական էր, որ ընտրարշավն ընթանար այնպես, ինչի ականատեսն ենք այս օրերին։

Իսկ այս օրերին ահա թե ինչ է տեղի ունենում։

Եթե ոմանք նկատում են «Իմ քայլը» դաշինքի ինչ-ինչ քայլեր, որ քննադատության են արժանի՝ լռում են։ Կամ՝ մատնանշում են անհամեմատ ավելի մեղմ, քան կմատնանշեին, եթե ընտրացուցակներում չլիներ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» անունը։ Եթե ոմանց դուր չի գալիս Նիկոլ Փաշինյանի որեւէ արտահայտած միտք, կուլ են տալիս դրա մասին խոսելու ցանկությունը, որովհետեւ մեկ էլ տեսնում են Շարմազանովի նյարդայնությունից ծռմռված դեմքը, լսում նրա «պահպանողական», «ավանդական» ու «նժդեհական» զառանցանքները, արեւմուտքներում կրթված Սարգսյան Վիգենի «տղավարի վիստուպատները», Աշոտյանի պլպլան ճոռոմաբանությունները, երգչուհի Շուշանի «հայրենասիրական» կլկլոցները, «դեղնակտուց» ՀՀԿ-ական Շահնազարյանի Դավիթի «շերլոքհոլմսական» արմանք-զարմանք «բացահայտումներն» ու մտածում՝ ախր սրանք դեռ կան, սրանց դեռ պատմության աղբանոց կամ բանտախուց չենք նետել։

Այնպես որ, «Իմ քայլը» դաշինքը, եթե ոչ՝ բարձրաձայն, ապա գոնե մտքում պետք է երախտապարտ լինի, որ ՀՀԿ-ականներն այնքան անամոթ են, որ որոշեցին մասնակցել ԱԺ ընտրություններին։

Իսկ մենք էլ հարց տանք՝ հասարակությունն անհրաժեշտ չափով անաչա՞ռ է այս ընտրարշավի շրջանում։ Միանշանակ՝ ոչ։

Եվ դրա միա՛կ պատճառը հանրապետականներն են։

Ի դեպ՝ շատուշատ արդարացված է անաչառության պակասը։

Նոր իշխանությանը քննադատելու համար մեզ տարիների հնարավորություն է տրվելու, իսկ ՀՀԿ-ականներից վերջնականապես ազատվելու խնդիրը հրատապ է եւ անհետաձգելի։